Բաժիններ՝

Մերկելը դատապարտել է Հեմնիցում տեղի ունեցած անկարգությունները

Սաքսոնիայի Հեմնից քաղաքի իրադարձությունները տեղ չունեն իրավական պետության մեջ: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Նախ՝ լույս կիրակի գիշերը մարդ է զոհվել, կասկածյալները ձերբակալված են: Դա ահավոր իրադարձություն է, եւ ես ցավակցություն եմ հայտնում զոհվածի հարազատներին»,-ասել է նա:

«Երկրորդ՝ այն, ինչ մենք տեսանք դրանից հետո, տեղ չունի իրավական պետության մեջ: Մենք տեսանք վիդեոկադրեր, որոնք հալածանք ու ատելություն են ցուցադրում փողոցներում,-նշել է Մերկելը:-Դա ոչ մի ընդհանուր բան չունի մեր իրավական պետության հետ, մենք կարող ենք դա մեկ անգամ եւս ընդգծել»:

Կանցլերի խոսքով՝ Սաքսոնիայի ոստիկանությունը «ամեն ինչ արել է՝ էլ ավելի մեծ բռնությունը կանխելու համար»:

«Կարեւոր եմ համարում, որ ներքին գործերի նախարարն այսօր պարզորոշ հասկանալ տվեց, որ եթե Սաքսոնիային լրացուցիչ օգնություն պահպանջվի կարգուկանոն հաստատելու համար, ապա պետությունը պատրաստ է աջակցել Սաքսոնիային»,-հայտարարել է Մերկելը:

Լույս օգոստոսի 26-ի գիշերը Հեմնիցում դանակով հասցված վերքերից մահացել է տեղի մի բնակիչ: Հետաքննության տվյալներով՝ հանցագործությունը կատարել են Սիրիայից ու Իրաքից երկու միգրանտներ, որոնք ավելի ուշ ձերբակալվել են: Եվս երկու մարդ վերքեր են ստացել: Սպանությունից հետո Հեմնիցի կենտրոնում հանցավորության դեմ բողոքի ակցիայի է հավաքվել շուրջ 800 մարդ, այդ թվում՝ ծայրահեղ աջեր: Ակցիան վերաճել է անկարգությունների, որոնց հետեւանքով կան տասնյակ տուժածներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս