Վիլյամ Սարոյանի Տուն-Թանգարանը պատրաստ է ընդունել իր առաջին հյուրերին
Մոտենում է օգոստոսի 31-ը, երբ Ֆրեզնոյում վերջապես կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը այս նախագիծը սկսել էր դեռ 2016 թվականին, երբ գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում։ Այժմ վերակառուցումը և նախապատրաստական աշխատանքներն մոտ են ավարտին, և տունը-թանգարանը սպասում է իր առաջին այցելուներին։ Միջոցառումը կմեկնարկի Սարոյանի կյանքին նվիրված ցուցահանդեսով, որին կհաջորդի Վիլյամ Սարոյանի և «Սարոյան Հաուս» նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Այդ օրը ամբողջ աշխարհից Ֆրեզնո են ժամանելու սարոյանասերներն ու Սարոյանի ընկերները՝ տոնելու գրողի 110-ամյակն ու նրա տուն-թանգարանի բացումը։
«Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում ստեղծվել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրվել ու շարունակում են տարբեր միջոցներով ձեռք բերվել Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Թանգարանում նյութի ներկայացման համար օգտագործվելու են տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներ: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերի տեսքով: Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն: Թանգարանի նորարական լուծումների հեղինակը Ստորակետ ճարտարապետական արվեստանոցն է, համադրողը՝ Կարեն Միրզոյանը:
Ի դեպ, Հայաստանում գտնվող Սարոյանասերները ևս հնարավորություն ունեն թանգարան այցելելու, քանի որ Սարոյան Հաուսը սկսել է Saroyan Quest խաղը և Come on-a my house մարտահրավերը: Հաղթողները կշահեն ուղեգիր դեպի ԱՄՆ և կայցելեն թանգարան: