Ստուգումներ «Շիրակ» ՋՕԸ-ում
Tsayg.am-ը գրում է. Ջրամբարները նորոգման կարիք ունեն. բարձրաձայնում է «Շիրակ» Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Ռուստամ Գրիգորյանը: Կառավարությունն առայժմ այս ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում:
Ընկերությունը դատական քաշքշուկների մեջ է, քանի որ տարիներ առաջ որոշ համայնքապետեր վերցրած ջրի դիմաց մինչև այսօր չեն վճարել: Այս տարի եղանակային պայմանները բարենպաստ էին, Շիրակի մարզի գյուղացիները ոռոգման խնդրի առաջ չկանգնեցին: Հուլիսի 9-13-ը ընկերությունը «ՋՐԱՌ» ՓԲԸ-ից 1 միլիոն 607 հազար խորանարդ մետր ջուր է վերցրել:
Բնական կորուստները 51 տոկոս են: 787 հազար խորանարդ մետրից 275 հազար խորանարդ մետր ջրով ջրտուք է կազմակերպվել: Ջրի մնացած մասը պահեստավորվել է Կառնուտի ջրամբարում: 18 միլիոն խորանարդ մետր պարունակություն ունեցող Կառնուտի ջրամբարը մարզի ոռոգման 40 տոկոսն է ապահովում:
«Շիրակ» ՋՕԸ-ում ստուգումներ են իրականացվել այն բանից հետո, երբ լրատվական կայքերից մեկում հոդվածներ են հայտնվել: Ընկերության գործադիր տնօրենի խոսքով` իրեն փորձում են զրպարտել, թվեր են ներկայացվում` առանց ճշտելու և բնական կորուստները հաշվի առնելու: