Apple-ը պլանավորում է սեպտեմբերին ներկայացնել iPhone-ի երեք նոր մոդելներ. Bloomberg
Apple կորպորացիան պլանավորում է սեպտեմբերին ներկայացնել iPhone-ի երեք նոր մոդելներ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներ: Նշվում է, որ նոր սարքերի դիզայնը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի նախորդ մոդելների համեմատությամբ:
Այս անգամ Apple-ը որոշել է նոր iPhone-ները բաժանել տարբեր գնային կատեգորիաների, որպեսզի գրավի տարբեր կարողության տեր գնորդների եւ ավելացնի վաճառքների ծավալները: Ինչպես գրում է Bloomberg-ը, D33 կոդային անվանումը կրող երեք նոր մոդելներից մեկը կստանա 6,5-դյույմանոց OLED-դիսփլեյ, մետաղյա շրջանակով ապակե պանել, կրկնապատկված խցիկ: Դա սարքն ամենախոշոր սմարթֆոնը կդարձնի այսօրվա դրությամբ:
Նորույթների տեսակետից՝ նոր iPhone-ի օպերացիոն համակարգում կհայտնվի կոնտենտի դիտման գործառույթ տարբեր հավելվածներից: D32 կոդային անվանումը կրող մյուս մոդելը կդառնա iPhone X-ի բարելավված տարբերակը, որը կօժտվի ավելի մեծ արտադրողականությամբ եւ ավելի լավ խցիկով: Նոր շարքի երրորդ մոդելը կդառնա iPhone 8-ին փոխարինողը՝ N84 կոդային անվանմամբ:
Նոր սարքն ավելի էժան կլինի իր հնացող նմանօրինակից, բայց դրանում նույնպես կփոխարինվեն առանձին դետալներ: Մասնավորապես, N84-ը կունենա 6,1 դյույմանոց LCD էկրան, իսկ չժանգոտվող մետաղից պատրաստված կորպուսը կփոխարինվի ալյումինե կորպուսով: Բացի այդ, նոր մոդելը կվաճառվի տարբեր գույներով: Գործակալությունը նաեւ հայտնում է, որ iPhone-ի բոլոր նոր մոդելները կստանան ժեստերով կառավարման գործառույթ, որը կփոխարինի սմարթֆոնի էկրանի Home կոճակին: Բացի այդ, մի քանի երկրներում նոր սմարթֆոնները կվաճառվեն երկու սիմ-քարտերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: