Օմբուդսմենի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ Երևանի ավագանու ընտրություններում ընտրական իրավունքները պաշտպանելու նպատակով
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, խմբի անմիջական պարտականություններն են մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրել ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, ինչպես նաեւ ապահովել բանավոր եւ գրավոր բողոքների պատշաճ քննարկումը: Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաեւ իրավական խորհրդատվության եւ քաղաքացիների ընդունելության, ինչպես նաեւ արագ արձագանքման այցերի համար:
Բողոքների եւ հրապարակումների քննարկման ընթացքում առանձնակի ուշադրության ներքո կլինեն լրագրողների եւ դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:
Խմբի առաջնահերթ խնդիրն է սերտ համագործակցել իրավասու մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև ընտրական գործընթացին ներգրավված՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Աշխատանքային խմբին հանձնարարված է նաեւ ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական մարմինների հետ:
Ինչպես մշտապես, այնպես էլ ընտրական ողջ գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի անաչառության, հրապարակայնության ու թափանցիկության եւ Սահմանադրությամբ ամրագրված մյուս սկզբունքների հիման վրա: