«Պետք չէ ասել՝ մենք ավելի լավն ենք, այն դեպքում, երբ շարունակում եք մեր աշխատանքը». Արմեն Աշոտյանը՝ նոր իշխանություններին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ այսօրվա իշխանավորները փորձում են որդեգրել մի մոտեցում, ըստ որի՝ նախորդները վատն էին, իրենք լավն են, որն ըստ նրա՝ չի դիմանում անգամ 100 օրվա քննադատության.
«Բնականաբար, նախորդ իշխանություններն ունեցել են բազմաթիվ սխալներ, բայց դրանց կողքին չեն ստվերվել հաջողության պատմությունները։ Նոր կառավարությունը նույնպես կունենա հաջողություններ, բայց դժվար է ասել՝ արդյո՞ք մեզանից լավ կաշխատի։ Այստեղ բերված օրինագիծը դրա վառ ապացույցներից մեկն է»։
Այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ ամեն ինչ չէր, որ սխալ էր անում նախորդ իշխանությունը. «Հարցի ներկայացումը բացարձակ տպավորիչ չէր։ Եվ խոսքը միայն Սևանի մասին չէ. քննադատում էին մեր արտաքին քաղաքականությունը, բայց շարունակում են նույնը, դեմ էին միջազգային դպրոցներին, բայց գնում են Դիլիջանի միջազգային դպրոցում Վերջին զանգի միջոցառմանը, պարզվում է՝ երեք ամսում չինական դպրոց են կառուցել այն դեպքում, երբ 5 տարի այդ ծրագրի շուրջ նաև ես եմ պատիվ ունեցել աշխատել, ու բազմաթիվ նման օրինակներ»։
Աշոտյանի ելույթի ժամանակ տեղից սկսել բղավել «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Չեմ անդրադառնում ռեպլիկների բովանդակությանը, առիթ կունենանք անդրադառնալու դրան»,- ի պատասխան՝ ասաց Աշոտյանը՝ շարունակելով ելույթը։
ԱԺ պատգամավորն ասաց, որ Փաշինյան-Բաբլոյան երեկվա հայտարարությունը լավ առիթ է՝ ետ գնալու այն փակուղային ճանապարհից, որ տանում էին իշխանությունները. «Պետք չէ ասել՝ մենք ավելի լավն ենք, այն դեպքում, երբ շարունակում եք մեր աշխատանքը։ Դուք պարտավոր եք ավելի լավ դա անել, բայց հիմնավորելու համար սեփական տեսակետների շրջադարձային փոփոխությունները՝ պետք չէ բերել հիմնավորումներ, որոնք բացարձակ իրականության հետ կապ չունեն»։