Գերմանիայի Հեմնից քաղաքում վեց մարդ է վիրավորվել բողոքի ակցիաների ընթացքում
Սաքսոնիայի Հեմնից քաղաքում վեց մարդ թեթեւ վերքեր է ստացել գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: «Ընդհանուր առմամբ գիշերը քաղաքում հանգիստ է անցել»,- լրագրողներին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ակտիվիստները վնասվածքներ են ստացել այն պատճառով, որ ցույցերի ժամանակ բողոքավորները միմյանց վրա «պայթակներ եւ այլ առարկաներ» են նետել: Ակցիաներին մասնակցել է շուրջ երեք հազար մարդ, այդ թվում՝ շուրջ երկու հազար ազգայնականներ: Ձախ ճամբարից նրանց ընդդիմախոսները հավաքել էին շուրջ հազար կողմնակիցների: Օգոստոսի լույս 26-ի գիշերը Հեմնիցում տեղի է ունեցել ծեծկռտոց, որի հետեւանքով զոհվել է 35-ամյա մի գերմանացի:
Չհաստատված տվյալներով՝ տուրուդմփոցին մասնակցել են միգրանտներ: Դրանից հետո հարյուրավոր մարդիկ են չհամաձայնեցված ցույցի դուրս եկել Հեմնիցի կենտրոնում: Ակցիային մասնակցել են, այդ թվում, աջ արմատականներ, նրանք սպառնալիքներ են հնչեցրել միգրանտների հասցեին: Սպանության գործով կասկածյալներ են Սիրիայի 23-ամյա մի քաղաքացի եւ Իրաքի 22-ամյա մի քաղաքացի: Օգոստոսի 27-ին Հեմնիցի վարչական դատարանը նրանց կալանելու կարգադրագրեր է տվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: