ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը կոչ է արել Թուրքիային՝ հրաժարվել ռուսական C-400-ի գնումից. Hurriet
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը Թուրքիա այցի ընթացքում կոչ է արել Անկարային՝ հրաժարվել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից: Այդ մասին գրել է Hurriet թուրքական թերթը:
Նախօրյակին Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը մի խումբ լրագրողների, որոնց թվում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հայտնել է, որ «պատվիրակությունը, որի մեջ մտնում էին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի անդամներ Մայքլ Թյոռները եւ Ջոն Գարամենդին, Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների գծով կոմիտեի անդամ Թոմ Մարինոն, ինչպես նաեւ օրենսդրական հարցերով պաշտպանության նախարարի օգնական Ռոբերտ Հուդը եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսը, բանակցություններ է անցկացրել խորհրդարանում եւ այցելել Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության պետական ընկերություն (TAI-ի, մասնակցում է հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների մշակմանը)»:
Աղբյուրի խոսքով՝ նրանք այցելել են «Իզմիր քաղաքում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարություն եւ Ադանայի նահանգի «Ինջիռլիկ» ավիաբազա»: Ինչպես նշում է Hurriet-ը, թուրք խորհրդարանականների հետ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը կոչ է արել հրաժարվել C-400-ի ձեռքբերումից, որպեսզի իր համար երաշխավորի հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների ստանալը:
Անկարան իր հերթին պնդել է համագործակցության շարունակումը «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ պայքարում, որի վրա է դրվում պատասխանատվությունը 2016 թվականի հուլիսին կատարված հեղաշրջման փորձի համար: FETO-ի պարագլուխ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում: