Բաժիններ՝

«Իրանը կհաղթահարի ԱՄՆ-ի պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական խնդիրները». Ռոուհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը կհաղթահարի ԱՄՆ-ի պատժամիջոցներով պայմանավորված տնտեսական դժվարությունները: Այդ մասին օգոստոսի 28-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Ռոուհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով «բազմաթիվ մարդիկ կորցրել են հավատը իսլամական հանրապետության ապագայի հանդեպ»: «Թեհրանը կհաղթի Սպիտակ տան հակաիրանական չինովնիկներին եւ կհաղթահարի տնտեսական խնդիրները»,- ասել է նա: Նախօրյակին Ռոուհանին Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսային բանակցությունների ընթացքում կոչ է արել Փարիզին ավելի ակտիվորեն գործել միջուկային գործարքը պահպանելու համար:

«Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ուստի, հաշվի առնելով համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, Թեհրանն ակնկալում է, որ մնացած մասնակիցները կակտիվացնեն միջուկային գործարքի պահպանմանն ուղղված իրենց գործունեությունը»,- ասել է Ռոուհանին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

ԳՀՀԾ-ին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս