Բաժիններ՝

Թրամփը խնդրել է Փենսին ճառով հանդես գալ Կոնգրեսում Մակքեյնին հրաժեշտի արարողությանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է փոխնախագահ Մայքլ Փենսին օգոստոսի 31-ին ճառով հանդես գալ Կոնգրեսում սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ կարգադրել է խոնարհել Սպիտակ տան եւ պետական հիմնարկությունների դրոշներն ամբողջ երկրում: Այդ մասին ասված է պետության ղեկավարի հայտարարության մեջ, որը օգոստոսի 27-ին տարածել է նրա մամուլի ծառայությունը:

«Չնայած մեր քաղաքական տարաձայնություններին, ես հարգում էի սենատոր Ջոն Մակքեյնին մեր երկրին նրա ծառայության համար, նրա պատվին ես այսօր կարգադրեցի խորնարհել ԱՄՆ-ի դրոշը նախքան նրա հուղարկավորությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

«Ես խնդրեցի փոխնախագահ Մայք Փենսին ի պատիվ սենատոր Մակքեյնի այս ուրբաթ ճառով հանդես գալ Կոնգրեսում»,- ասել է Թրամփը: Նա նաեւ խնդրել է պետության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիին ներկա լինել սենատորի հուղարկավորությանը: Թրամփը կարգադրել է, որ սենատորի մարմինը Արիզոնայից Վաշինգտոն հասցնեն զինվորական պատիվներով: Ավելի վաղ, ինչպես գրել է The Washington Post թերթը, Թրամփն Սպիտակ տան վարչակազմին արգելել էր պաշտոնական հայտարարություն հրապարակել սենատոր Ջոն Մակքեյնի մահվան վերաբերյալ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլի պատրաստած փաստաթղթում առաջարկվում էր հիշել սենատորի մարտական վաստակի մասին եւ նրան ներկայացնել որպես պատերազմի հերոս: Իսկ Թրամփը որոշել է սահմանափակվել Twitter-ում հակիրճ ցավակցությամբ:

Հրատարակության լրագրողները կարծում են, որ նախագահի դեմարշի պատճառը դարձել Է Մակքեյնի կողմից Սպիտակ տան ներկայիս տիրոջ քաղաքականության քննադատությունը: Մասնավորապես, քաղաքական գործիչների միջեւ փորձաքար է դարձել առողջապահության բարենորոգությունը, որի դեմ հանդես էր գալիս Մակքեյնը: Ընտրաշավի ժամանակ Թրամփը ծաղրել է Մակքեյնին, որը վեց տարի անցկացրել է վիետնամական գերության մեջ: Ապագա նախագահը հայտարարել է. «Նա պատերազմի հերոս է եղել, որովհետեւ նրան գերի են վերցրել: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր գերի չեն ընկել»:

Հետագայում Թրամփը ներողություն չի խնդրել սենատորից, բայց այնուամենայնիվ սկսել է նրան պատերազմի հերոս անվանել: Օգոստոսի 26-ին Մակքեյնի ընտանիքը նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է չմասնակցել հուղարկավորությանը, այլ սահմանափակվել սոսկ հրաժեշտի ճառով: Ուղեղի քաղցկեղից մահացած քաղաքական գործիչը մեկ տարվա ընթացքում պլանավորել է սեփական հուղարկավորությունը, արարողությանը Թրամփի բացակայությունը պարտադիր պայման Է եղել: Մակքեյնը մահացել է օգոստոսի 26-ին կյանքի 82-րդ տարում: Դրանից երկու օր առաջ սենատորը հրաժարվել է բուժումից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս