
Amnesty International-ում «մարդասպան-ռոբոտների» արգելք սահմանելու կոչ են արել

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային հանրակցությանը կոչ է արել «մարդասպան-ռոբոտների» օգտագործման արգելք սահմանել միջազգային օրենսդրության մեջ: Այդ մասին հաղորդվում է իրավապաշտպանների կայքում զետեղված հայտարարության մեջ:
Համապատասխան հայտարարությունը խումբն արել է օգոստոսի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո սպառազինությունների ինքնավար մահաբեր համակարգերի շուրջը կառավարական փորձագետների բանակցությունների սկսվելու առթիվ:
«Մարդասպան-ռոբոտներն այլեւս գիտական ֆանտաստիկայի առարկա չեն: Սպառազինությունների բնագավառում տեխնոլոգիական առաջընթացը՝ արհեստական ինտելեկտով դրոններից մինչեւ ինքնավար զենքը, որը կարող է ընտրել իր թիրախը, խիստ առաջ է անցել միջազգային օրենսդրությունից»,- հայտարարել է արհեստական ինտելեկտի հետազոտող եւ կազմակերպության փորձագետ Աբդուլ Ռահիմը:
Իրավապաշտպաններն ընդգծել են, որ միջազգային իրավունքի իրագործման երաշխիքները գոյություն ունեն սոսկ այն դեպքում, եթե «թիրախը» նույնականացվում եւ ընտրվում է մարդու կողմից:
«Մենք անհապաղ գործելու կոչ ենք անում այն երկրներին, որոնք այս շաբաթ ներկա են Ժնեւում»,- հայտարարել է փորձագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: