Բաժիններ՝

Սպիտակի պետական քոլեջի նախկին տնօրենը վերականգնել է փաստաթղթերի կեղծմամբ հափշտակված ուսանողների կրթաթոշակի գումարները

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձինք, նույն քոլեջի գերազանց և լավ առաջադիմություն, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորած ուսանողներին հատկացվող ամսական 4750-ական ՀՀ դրամ կենսաթոշակները հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2014-2018 թվականներին կենսաթոշակների վճարման՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ցուցակներում կեղծելով մի շարք ուսանողների ստորագրությունները, ստացել են վերջիններիս անվամբ ելքագրված կենսաթոշակները: Այդ կերպ, օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված գումարներից առանձնապես խոշոր չափերով՝ 3.068.000 ՀՀ դրամը:

Փաստի առթիվ 2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացնելը կամ վատնելը և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքը, հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի ցուցումով
2018 թվականի օգոստոսի 25-ին որոշում է կայացվել «Սպիտակի պետական քոլեջ»
ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ջ.Թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի
3-րդ մասի 1-ին կետով՝  և 314-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և հիշյալ հոդվածներով վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Ջ.Թ. ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում
է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս