Բաժիններ՝

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողները բախվել են. ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել,  ընդհարվել են և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։

Այս մասին  հայտնեց «Լիդիան Արմենայի» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը:

«Օգոստոսի 27-ին Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհները փակած մարդիկ հարձակվել են ծրագրի մուտքերից մեկի մոտ հավաքված «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ու կողմնակիցների վրա, քարերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել, մարդկանց պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս ամենը կատարվել է ոստիկանության ծառայողների ներկայությամբ»,- ասաց Մելքումյանը:

Իրավաբանը շեշտեց նաև, որ ցուցարարներին ոգևորել է Ամուլսարի ծրագիրն ուսումնասիրող տեսչական խմբի հայտարարությունը:

Կարդացեք նաև

«Այս կապակցությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է իր հիասթափությունը: Ընկերությունը վստահ է Ամուլսարի բնապահպանական կառավարման լավագույն չափանիշներին համապատասխանության վրա»,- նշեց Մելքումյանը: Նա հավելեց, որ  ընկերությունը տեսչական խմբի հայտարարություններին արձագանքելու է բողոքարկմամբ և դատական կարգով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ օրվա ընթացքում ՀՀ ոստիկանություն  թե բողոքի ակցիայի մասնակիցների, և թե «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակցների կողմից  տարբեր բովանդակություններով ահազանգեր է ստացել:

«Այս պահին բոլոր ահազանգերը ստուգվում են, և ոստիկանության կողմից կտրվի համապատասխան գնահատական»,- ասացին լրատվական ծառայությունից:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ի կողմից դատական կարգով հարցին լուծում տալը իրենց իրավունքն է:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքներով տրամադրված հանձնարարությունների, առաջարկությունների և այլ գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:

Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու և սահմանված կարգով ընթացք տալու համար: 
«Եղեգնաձոր ՋՕ» ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կեչուտ-Զառիթափ ոռոգման ջրագծից «Լիդին Արմենիա» ՓԲԸ-ին արտադրական նպատակներով ջրամատակարարման իրավաչափությունը պարզելու համար:

Խոշորացված Ջերմուկ քաղաքի համայնքապետարանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Գնդեվազի գյուղապետի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը Գնդեվազ համայնքի «Յոթ աղբյուր-Գնդեվազ» ջրատարից ջրի օգտագործման համար, ինչպես նաև շինարարության փուլում ոչ ստատիկ ջարդիչ կայանների տեղադրման համար թույլտվություն տրամադրելու իրավաչափությունը պարզելու նպատակով: 
ՀՀ վարչապետին ներկայացվել է զեկուցագիր՝ որպես կապալառու ընկերություններ Ամուլսարում շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններում տեսչական ստուգումներ իրականացնելու վերաբերյալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս