«Կանցլերի դրական վերաբերմունքը նկատվեց, երբ նա Հայաստանը որպես օրինակ բերեց». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի կարծիքով` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջանային այցի ընթացքում իր խոսքում Հայաստանի դրական փորձն օրինակելի է համարել միջազգային հանրության համար: Այնինչ, Ադրբեջանի որևէ դրական փորձի մասին հիշատակում չի արել:
«Կանցլերի դրական վերաբերմունքը նկատվեց, երբ նա Հայաստանը որպես օրինակ բերեց: Նա ասում էր, որ Հայաստանը կարող է դառնալ լավագույն օրինակը` ԵԱՏՄ անդամ երկիր լինելով ԵՄ-ի հետ համագործակցությամբ: Այսինքն` նա ցանկանում էր Հայաստանի դրական օրինակը տարածել: Եվ այցի ընթացքում ոչ մի անգամ իր խոսքում չասաց, որ Ադրբեջանի այսինչ դրական օրինակը կարելի է տարածել»,- ասաց Պողոսյանն ու հավելեց` տարբերությունը պետք է նկատել:
Նրա գնահատմամբ` դրական վերաբերմունքը նկատվեց նաև նրանում, որ ասաց` կօգնի վիզաների ազատականացման հարցում: «Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների զարգացման հեռանկար կա: Եվ Հայաստանը պետք է ցուցաբերի ակտիվություն»,-նշեց նա:
Թևան Պողոսյանի կարծիքով` Մերկելը ոգևորված էր Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններով, որ նոր իշխանությունները նոր շնչով պետք է զարկ տան հարաբերությունների զարգացմանը ինչպես երկկողմանի, այնպես էլ Հայաստան-ԵՄ ուղղությամբ: Նա տարածաշրջանի անվտանգության խնդիրների համար ցույց տվեց նաև Գերմանիայի պատրաստակամությունը` կոնֆլիկտներից խուսափելու համար:
Պողոսյանի կարծիքով` գլխավոր խնդիրը ներկայում այն է, որ Հայաստանը քննարկված պայմանավորվածությունները տանի առաջ և նոր պայմանավորվածություններ մշակի: Գերմանիան աջակցության պատրաստակամություն է հայտնել տարբեր ոլորտներում: