Փաշինյանի ոխերիմ բարեկամները
Հին խոսք կա, որ վերագրում են Վոլտերին՝ Աստված իմ, փրկիր ինձ իմ ընկերներից, իսկ թշնամիներից ինքս գլուխ կհանեմ… Եվ իրոք, ընկերների հետ երբեմն ավելի դժվար է, քան բացահայտ թշնամիների հետ, քանի որ հնարավոր է դիմակայել ակնհայտ ատելությանը, վիրավորանքին, կեղծիքին ու բամբասանքին, այնինչ դժվար է դիմադրել այնպիսի մի մահացու զենքի, ինչպիսին քծնանքն է:
Քծնանքը խոցում է գրեթե անվրեպ, այն կիրառվում է ամենուր՝ տանը, աշխատավայրում, հասարակական կյանքում և, բնականաբար, չէր կարող չներխուժել նաև սոցիալական ցանցեր՝ Թվիթեր, Ֆեյսբուք և այլն: Հիրավի, գերմարդ պետք է լինել քծնանքին դիմակայելու համար, իսկ փորձը ցույց է տալիս, որ դա հազվադեպ է հաջողվել նույնիսկ աշխարհի հզորներին:
Լավագույն օրինակը Խրուշչովն է: Ստալինին ու ստալինիզմը խորտակելուց հետո նա անցավ ԽՍՀՄ-ի համար աննախադեպ բարեփոխումների՝ խոսքի ազատություն, կուսակցության գերիշխող դերի նվազեցում… Մի որոշ ժամանակ կուսակցության վերնախավը փորձեց ուղղակիորեն դիմակայել ռեֆորմատոր գլխավոր քարտուղարին, բայց ջախջախիչ պարտություն կրելով՝ երևան հանեց իր գաղտնի զենքը՝ քծնանքը: Սկսեցին ամենատարբեր ձոներ նվիրել, գերագույն աստիճանի էպիտետներ շնորհել, մի խոսքով՝ քծնանքի որդերը սկսեցին գործել ու շուտով թափանցեցին Խրուշչովի սիրտն ու հոգին: Որքան էլ փորձեն հակառակը պնդել, մարդ արարածը սիրում է քծնանքը՝ լինի այն նուրբ ու ինչ որ տեղ ճշմարտանմա՞ն, թե՞ կոպիտ ու անարդարացի: Ու հանկարծ Խրուշչովը հասկացավ, որ ինքն ամենագիտունն է, սկսեց գրողներին սովորեցնել, թե ինչպես գրեն (հիշեք Եվտուշենկոյին, Ռոժդեստվենսկուն, Էրենբուրգին ու այլոց ուղղված մեղադրանքները), ճարտարապետներին՝ ինչպես կառուցեն (ճարտարապետական շռայլությունների մասին հայտնի թեզը), գյուղացիներին՝ ինչ և ինչպես աճեցնեն (եգիպտացորենամանիան), և այլն: Եվ դա արդեն կործանումն էր…
Իմ խորին համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բավականին հաջող է գլուխ հանում իր թշնամիներից: Բարեկամների քծնանքին էլ առայժմ կարծես դիմակայում է (հիշենք, թե ինչպես հրաժարվեց Եվրոպայի չեմպիոնի մեդալից, և նման այլ դրվագներ), բայց միևնույն է՝ վախենում եմ: Ահա մի քանի օրինակներ Ֆեյսբուքից՝
«Դարի մարդ, սաղ աշխարհի նախարարներով հավաքվեն, ձեր կեսի կես խելքը չեն ունենա ընդհանուր… բողոքելու տեղ ոչ մեկ չունի բացի հհկ վկաներից»:
«ayo mer niqol@ mer parcanqne mer havatarim zavak@»
«You are new JESUS CHRIST»
Ու նման հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր գրառումներ…
Քծնանքը հատկապես լավ է աշխատում, երբ անձը, որին քծնում են, ուշադրության, հարգանքի, մեծարման ու սիրո դեֆիցիտ ունի: Նրանց համար քծնանքն ասես մի կում սառը ջուր լինի անապատի «գաղջ մթնոլորտում»: Մենք սովորաբար առավել գնահատում ենք այն, ինչի պակասն ունենք, ինչի կարիքն ունենք: Նիկոլ Փաշինյանի պարագայում այս սցենարը կարծես չի աշխատում: Բայց կա հարցի նաև մյուս կողմը՝ քծնանքը հաճախ ընդունվում է նաև այն մարդկանց կողմից, ովքեր ղեկավարի ակնհայտ ձիրք ունեն ու սիրում են, որ բոլորը լսեն ու ենթարկվեն իրենց: Նրանց էգոն իրականում քծնանքի կարիք չունի, բայն այն գնահատվում է՝ որպես հնազանդության ու հավատարմության խորհրդանիշ: Դրա համար էլ իրենց քծնողներով են շրջապատում ու ակամա սկսում խուսափել իրենց քննադատողներից կամ պարզապես այլ տեսակետ ունեցողներից: Ի վերջո, ո՞ւմ է հաճելի ընդունել սեփական թուլությունը, թերություններն ու սխալները: Ավելի լավ է վանել նրանց, ովքեր խաթարում են «հանգիստ, ստեղծարար մթնոլորտը»:
Կրկնում եմ՝ առայժմ Նիկոլ Փաշինյանը կարծես դիմակայում է քծնանքին, բայց որքան… Ավելի լավ է՝ եկեք փորձության չենթարկենք վարչապետին, վերջ տանք անիմաստ գովաբանություններին, համեմատություններին ու էպիտետներին: Ավելի լավ է՝ պարզ, առանց չարության նշենք թերություններն ու սխալները, եթե կարող ենք՝ առավել արդյունավետ ու ճշգրիտ լուծումներ առաջարկենք: Գուցե երբեմն էլ՝ կոշտ արձագանքի արժանանանք, գուցե նաև տուժենք, բայց միայն այսպես միասին կկերտենք այն Հայաստանը, որ երազում ենք:
ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ