«Օզիլի կերպարը շատ ավելի լավն է, քան ինքը». Հենես
«Բավարիայի» նախագահ Ուլի Հենեսը կրկին խոսել է «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին, ով հեռացել է Գերմանիայի հավաքականից:
«Այս ամբողջ թատրոնը մեզ բաժանեց: Օզիլը պարտավոր էր հայտարարություն տարածել Էրդողանի հետ լուսանկարվելու մասին: Բայց նա թողեց դա առանց մեկնաբանության, թույլ տալով, հավանաբար, իր կյանքի ամենամեծ սխալը:
Ես երկար ժամանակ է՝ հետևում եմ Օզիլին: Նա շատ լավ մարքետինգային կերպար է: Նրա կերպարը շատ ավելի լավն է, քան ինքը:
Սա խայտառակություն է, կարծում եմ: Եթե Լյովը հաճախ գնար Լոնդոն և տեսներ նրա խաղը անմիջապես մարզադաշտից, ապա դժվար թե հրավիրեր նրան հավաքական:
Պարզապես հրաշք է, որ նա «Արսենալի» ավագն է»,- նշել է Հենեսը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլը և Իլկայ Գյունդողանը Լոնդոնում հանդիպել էին Թուրքիայի նախագահի հետ:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AK Party), որի առաջնորդը Էրդողանն է, հրատարակել է լուսանկարներ հանդիպումից: Բունդեստագի և Գերմանիայի ֆուտբոլի միության բարձրաստիճան պաշտոնյաները լուրջ քննադատության էին ենթարկել ազգային հավաքականի խաղացողներին՝ խորհուրդ տալով նրանց կենտրոնանալ ֆուտբոլի վրա
Քննադատություններից հետո Օզիլը որոշել էր հեռանալ Գերմանիայի հավաքականից:
Սիրարփի Աղաբաբյան