
NASA-ի արբանյակները ռեկորդային թվով հրդեհներ են գրանցել Երկրի վրա

Այս տարվա օգոստոսին Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Կանադայում եւ Հարավարեւելյան Ասիայում անտառների ռեկորդային տարածքներ են հայտնվել հրդեհների ճիրաններում: Այդ մասին հայտնել է NASA-ի Հոդդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը:
Ամեն տարի Երկրի գործնականում բոլոր մայրցամաքներում անտառները զանգվածային հրդեհների զոհ են դառնում, որոնք պայմանավորված են ինչպես բնական գործընթացներով, այնպես էլ մարդկանց անզգույշ եւ նույնիսկ նպատակամիտված արարքներով:
Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տալիս այն տվյալների վերլուծությունը, որոնք անցած շաբաթ հավաքվել են VIIRS սարքի կողմից, Երկրի վրա այժմ գոյություն ունի անտառային եւ այլ հրդեհների 30 հազարից ավելի օջախ:
Հրդեհների հաճախականությունը եւ ծավալները, ինչպես սպասում են NASA-ի փորձագետները, առաջիկա տարիներին միայն ավելանալու են, հատկապես Ավստրալիայում եւ Հյուսիսային Ամերիկայում, նկատի առնելով, որ ամառային ջերմաստիճանները շարունակ աճում են, իսկ տեղումների մակարդակը մշտապես ընկնում է գլոբալ տաքացման պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: