«Միայն ձերբակալություններով հնարավոր չէ հասնել երկարաժամկետ զարգացման». Վերլուծաբաններ
Վերլուծաբանները գնահատում են ՀՀ կառավարության 100 օրը: Ընդհանուր առմամբ գնահատականները դրական են, սակայն մատնանշվում են որոշ բաղցթողումներ:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաև որոշ բացթողումներ:
Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիիկարծիքով այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարևոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների երկարաժամկետ լուծումներ:
«Կառավարության 100 օրից հետո Երևանի փողոցներում պահպանվում է ոգևորությունը, սակայն կարծում եմ, որ նոր իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն երկրում ինստիտուտների կայացմամբ»,- նշում է Կարնեգիի հիմնադրամի ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:
Փոլ Սթրոնսկին կարևորում է Հայաստանում քաղաքական այնպիսի ինստիտուտների կայացումը, որոնք կապահովեն իշխանության փոխանցում:
«Հայաստանում դեռևս կայացած չեն քաղաքական ինստիտուտները, իսկ դատական համակարգն էլ ավելի թույլ է, ուստի փողոցային ժողովրդավարության հետ մեկտեղ անհրաժեշտ է աշխատանք տանել երկարաժամկետ ժողովրդավարական համակարգը կայացնելու ուղղությամբ, որի արդյունքում փոփոխությունները տեղի կունենան ոչ թե փողոցի, այլ ընտրաթերթիկի միջոցով»։
Փորձագետ Էմիլ Սանամյանն էլ կառավարության 100 օրվա ձեռքբերումներից է համարում իշխանափոխությունից հետո քաղաքական գործընթացների խաղաղ բնույթն ու տնտեսական կայունության պահպանումը: Նա նաև կարևորում է անվտանգության ընդհանուր առմամբ վերահսկելի իրավիճակը: Նա առաջնահերթություն է տալիս Հայաստանում ներդրումների խրախուսմանը՝ ընդգծելով այստեղ կառավարության ակտիվ քայլերի կարևորությունը:
«Կարծում եմ պետք է առաջնությունը տալ նրան, որ Փաշինյանի կառավարության կուտակած քաղաքական կապիտալը վերածվի լուրջ ներդրումների և որոշումների՝ ի նպաստ Հայաստանի»,- ասում է Սանամյանը:
Քաղաքագետն արձանագրում է, որ Փաշինյանի առաջնորդած ուժն այս պահին ունի հանրային շատ մեծ աջակցություն, իսկ նախկինում իշխող Հհանրապետական կուսակցությունը մեկուսացած է:
«Այսօր Հայաստանում չկա որևէ քաղաքական կուսակցություն կամ ուժ, որը կարող է ձեռնոց նետել Փաշինյանին ու նրա թիմին՝ հաշվի առնելով նրանց հանրային աջակցությունը:
Իսկ Փոլ Սթրոնսկին արձանագրում է, որ Հայաստանի քաղաքական դաշտն այսօր վերակազմավորման փուլում է:
«Մենք ականատես ենք Հայաստանի քաղաքական դաշտի վերաձևավորմանը: Դրա ապացույցն են ինչպես նախկին իշխող կուսակցության շուրջ ընթացող գործընթացներն, այնպես էլ Երևանի քաղաքապետի ընտրության հարցում նախկին ընդդիմության շարքերի պառակտումը»,- ասում է Սթոնսկին:
Ներքաղաքական զարգացումների հետ մեկտեղ փորձագետները կարևորվում են նաև արտաքին մարտահրավերները, մասնավորապես Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունների ընթացքը:
Սթրոնսկին ընդգծում է Երևանի համար Մոսկվայի հետ հարաբերությունների կարևորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային զարգացումները: Նրա կարծիքով այս հարաբերությունները ամենակարևոր քննությունն են նոր իշխանությունների համար:
Իսկ վերջին շրջանի աղմկոտ ձերբակալությունների ու կոռուպցիայի դեմ պայքարի առումով փորձագետները համակարծիք են, որ կոռումպացված գործիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն, սակայն միայն ձերբակալությունները բավարար չեն երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, ուստի անհրաժեշտ են երկարաժամկետ զարգացում ապահովող քայլեր: