Բաժիններ՝

ԱՄՆ-ի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի նախագահի պաշտոնազրկման դեպքում. Թրամփի փաստաբան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում հնարավոր ապստամբության մասին այն դեպքում, եթե Սպիտակ տան ղեկավարը պաշտոնազրկվի իմպիչմենտի արդյունքում:

Ջուլիանիի խոսքով՝ ԱՄՆ-ի գործող նախագահին պաշտոնից կարելի է հեռացնել միայն քաղաքական դրդապատճառներով, եւ այդ դեպքում «ամերիկացի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի»:

Նախօրյակին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ իրեն իմպիչմենտ հայտարարելը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար: «Ես չգիտեմ՝ ինչպես կարելի է իմպիչմենտ հայտարարել նրան, ով հոյակապ աշխատանք է կատարել: Եթե երբեւիցե ինձ իմպիչմենտ հայտարարեն, կարծում եմ՝ շուկաները կփլվեն, կարծում եմ, որ բոլորը խիստ կաղքատանան»,-ասել է նա:

Թրամփը հայտարարել է, թե իր միակ զանցանքն անակնկալ հաղթանակն էր 2016 թվականի ընտրություններում: «Միակ բանը, որը ես ճիշտ չեմ արել, այն է, որ հաղթեցի ընտրություններում, թեեւ բոլորն ակնկալում էին Հիլարի Քլինթոնի եւ դեմոկրատների հաջողությունը»,- նշել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենն օգոստոսի 22-ին իրեն մեղավոր է ճանաչել հարկերի վճարումից խուսափելու հետ կապված հանցագործությունների եւ ֆինանսական կարգապահության հանցավոր խախտման մեջ: Ինչպես լրագրողներին հայտարարել է Նյու Յորքի դատախազության ներկայացուցիչը, Քոենը 1,3 մլն դոլար գումարի հարկ չի վճարել 4,3 մլն դոլար եկամտից, որը նա ստացել էր 2013-2016 թվականներին իրականացրած գործունեությունից:

Միաժամանակ նա խոստովանել է, որ ապօրինաբար ստացել է 500 հազար դոլար գումարի վարկ, ինչպես նաեւ մասնակցել է ընտրական արշավի ֆինանսավորմանը: Ընդսմին դատախազության ներկայացուցիչը չի հայտնել, թե նախագահի որ թեկնածուի օգտին է Քոենը նվիրատվություն արել նախագահական մրցավազքի ընթացքում:

Բացի այդ, Քոենը խոստովանել է, որ վճարել է երկու կանանց, որոնք ավելի վաղ ինտիմ կապեր են ունեցել Թրամփի հետ, որպեսզի նրանք չհրապարակեն այդ տեղեկատվությունը: Դա, Քոենի խոսքով, արվել է Թրամփի ցուցումով:

Նույն օրն ավելի վաղ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ: Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով: Վճռին համապատասխան Մանաֆորտին սպառնում է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս