«Հայաստանը չի ընկնի ամերիկյան պատժամիջոցների տակ». Սուրեն Սարգսյան
Մոսկվայում երեկ «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրված պայմանագիրը, ըստ որի՝ Հայաստանում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն է հիմնվելու, մտահոգությունների տեղիք է տվել։ Խնդիրն այն է, որ «Կալաշնիկով գրուպը» 2014-ից ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցների տակ է, և մտավախություն կա, որ Հայաստանն էլ կհայտնվի ամերիկյան պատժամիջոցների դաշտում։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում այդ մտավախության հետ չհամաձայնեց։
«Չեմ կարծում, որ Հայաստանը կընկնի պատժամիջոցների տակ, որովհետև պատժամիջոցների տակ կարող են հայտնվել միայն այն գործարքները, որոնք մեծ են, ազդեցիկ են կամ շոշափելի են։ Սա փոքր ծավալի պայմանագիր է, և, ըստ էության, ՀՀ-ում արտադրվելու են զինատեսակներ, ոչ թե դրանք ձեռք են բերվելու Ռուսաստանից։ Այս առումով, կարծում եմ, պատժամիջոցների հետ խնդիր չենք ունենա»,- ասաց նա։
Ամեն դեպքում, ըստ միջազգայնագետի, նաև ամերիկյան գործընկերների հետ պետք է քննարկել խնդիրը, որպեսզի հայկական կազմակերպությունները պատժամիջոցների շարքում այս կամ այն կերպով չհայտնվեն.
«Բայց, կարծում եմ, որ արտահանման հետ կապված այստեղ հարց չի լինի, որովհետև ինչպես հասկանում ենք, ներքին սպառման, մեր բանակի կարիքների համար է լինելու և, այսպես ասած, արտաքին աշխարհ չի արտահանվելու։ Այնպես որ, չեմ կարծում, որ խնդիրներ ծագեն»։
Դիտարկմանը, որ այնուամենայնիվ «Կալաշնիկով գրուպը» պատժամիջոցների տակ է, Ս.Սարգսյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որովհետև ամերիկյան պատժամիջոցներում ֆիքսվում է շոշափելի գործարքներ կամ շոշափելի գումար, իսկ սա մեծ, շոշափելի գումար չի, և կարծում եմ՝ մենք կխուսափենք պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց՝ գոնե միայն այս հիմքով»։
Ս.Սարգսյանը նկատեց, որ պայմանագիրը սկսել է նախապատրաստվել դեռ տարիներ առաջ, այն հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ մեծ համաձայնության բաղկացուցիչ մաս է։