Բաժիններ՝

Apple-ը կթողարկի բյուջետային MacBook և պրոֆեսիոնալ Mac mini. Bloomberg

Apple ընկերությունը կթողարկի MacBook բյուջետային նոութբուքը, ինչպես նաեւ նորացված, պրոֆեսիոնալ օգտատերերի համար նախատեսված Mac mini համակարգչի տարբերակը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ նոր նոութբուքը կունենա նույն տեսքը, ինչ եւ MacBook Air-ը, բայց դրա վրա կտեղադրվի բարձր լուծաչափի Retina դիսփլեյ, որով ընկերությունը հանդերձում է իր մյուս սարքերը: Էկրանի չափը կկազմի շուրջ 13 դյույմ՝ ինչպես MacBook Air-ինն է:

Ներկայում MacBook Air-ը, որի գինը կազմում է մոտավորապես հազար դոլար, մնում է ընկերության՝ առանց բարձր լուծաչափի էկրանով միակ նոութբուքը: Անցյալ տարի մոդելը նորացվել էր եւ ստացել նոր պրոցեսոր, սակայն որեւիցե ավելի լուրջ փոփոխության չի ենթարկվել:

Գործակալությունը նշում է, որ 2015 թվականին թողարկված մյուս մոդելի՝ MacBook-ի նորացված տարբերակն ընկերության կողմից դիտվում էր որպես MacBook Air-ի փոխարինող, սակայն 1,3 հազար դոլար գնով համակարգիչը չափազանց թանկ է եղել առանձին օգտատերերի համար: Արտադրության պլանավորվող սարքի գինը Bloomberg-ի աղբյուրները չեն պայտնում, սակայն նշում են, որ այն նախատեսված կլինի նրանց համար, ովքեր Apple-ի արտադրանքի ավելի էժան տարբերակներ են փնտում:

Bloomberg-ի զրուցակիցները պատմել են, որ արտադրողը նաեւ պլանավորում է թողարկել Mac mini համակարգչի նոր տարբերակ՝ համակարգային բլոկ, որը վաճառվում Է առանց լրակազմի մնացած սարքերի (մոնիթոր, ստեղնաշար, մկնիկ եւ այլն), որի արժեքն այժմ կազմում է 500 դոլար:

Ընկերությունը ցանկանում է, որ նորացված Mac mini-ն ավելի շատ կողմնորոշված լինի դեպի պրոֆեսիոնալ օգտատերերը, օրինակ՝ հավելվածների մշակողները, ինչն այդ արտադրանքն ավելի թանկ է դարձնում գոյություն ունեցող տարբերակի համեմատությամբ:

Տեղեկացվում է, որ համակարգիչների նշված նոր մոդելների շնորհանդեսից հետո Apple-ը կներկայացնի iPhone սմարթֆոնի, Apple Watch ժամացույցի եւ iPad Pro պլանշետի նոր մոդելները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս