«Այսօր ինձ ընդունում են այնքան, քանի դեռ ես օրենք չեմ կիրառում, հենց օրենք եմ կիրառում, դառնում եմ նրա առաջին թշնամին». Վալերի Օսիպյան
«Ինչքան էլ որ մենք լավ աշխատենք, միևնույն է, լինելու են այնպիսի քաղաքացիներ, որոնք միշտ դժգոհելու են Ոստիկանությունից։ Չկա այնպիսի երկիր, որտեղ ոստիկանները բոլորի կողմից սիրված լինեն։ Այսօր ինձ ընդունում են այնքան, քանի դեռ ես օրենք չեմ կիրառում, հենց օրենք եմ կիրառում, դառնում եմ նրա առաջին թշնամին։ Սակայն, դա չի խանգարում, որ կրկին հայտարարեմ՝ հանցագործները մեր հասարակության մեջ տեղ չունեն, հանցագործի տեղը քրեակատարողական հիմնարկն է, և վերջ։ Իրավախախտների նկատմամբ ունենք այլ մոտեցում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունը բացառելու է հանցագործ տարրերի ակտիվությունը սպասվող ընտրություններին, և հասարակությունն առաջին անգամ ականատես կլինի, թե ինչպես կարելի է կազմակերպել ընտրություններն առանց կոռուպցիայի և նման տարրերի ներգրավման. «Մենք ունենալու ենք ՀՀ պատմության մեջ բացառիկ ընտրություն. ինքներդ կհամոզվեք»։
Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր և եղբորորդու մասնակցությամբ Վարդավառի օրը տեղի ունեցած միջադեպին, Օսիպյանն ասաց, որ իր հրահանգով նշանակվել է ծառայողական քննություն.
«Կասեցվել են եղբորորդու գործառութային պարտականությունները, ստեղծվել են համապատասխան նյութեր, և ներկայումս գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, որի ավարտից հետո մենք դրան կանդրադառնանք»։
Նա ասաց, որ այդ գործով այլ մանրամասներ չի կարող հաղորդել, քանի դեռ Հատուկ քննչական ծառայությունը գործի վերաբերյալ որոշում չի հրապարակել։