«Նարեկ Սարգսյանը շուտով կհայտնվի մեր տեսադաշտում». Վալերի Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ «Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ։ Մենք իրականացնում ենք այդ գործընթացը, թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ ոնց որ թե մեր տեսադաշտում շուտով կլինի»։
Հարցին, թե երբ է Սարգսյանը հատել սահմանը, Օսիպյանը պատասխանեց, որ հետախուզում հայտարարելուց մեկ-երկու օր առաջ։
Անդրադառնալով «օրենքով գողերի» նկատմամբ հարուցված քրեական գործին, ոստիկանապետը հետևյալն ասաց.
«Այսպես կոչված՝ «օրենքով գողերից» 4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և վարույթում են դրանք, իսկ ինչ պատճառներով մենք իրականացրինք խուզարկություն նրանց բնակավայրերում, մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որոնք այնպիսին էին, որ պատրաստվում էին որոշ «օրենքով գողեր» ինչ-որ պարզաբանումներ իրականացնել ՀՀ տարածքում, և այդ ամենը կանխելու նպատակով Ոստիկանությունը օրենքի սահմաններում նրանց բնակավայրերում իրականացրեց համապատասխան խուզարկություններ։ Այնպես թե՛ թմրանյութեր, թե՛ ապօրինի զենքեր Ոստիկանության կողմից հայտնաբերվել էր։ Կային զենքեր, որ օրինական են եղել, խոսքն ընդհանուր կատարված աշխատանքների մասին է»։