«Անցումային արդարադատություն ասվածը ծայրահեղ միջոց է, որը կիրառել են այնպիսի պետություններ, որոնք այլ ելք չեն տեսել». Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ Հայաստանի դատական համակարգում որոշակի լոկալ բնույթի տեղաշարժ կա՝ կապված կոնկրետ դատավորների՝ կոնկրետ կայացրած որոշումների հետ։
«Այսինքն՝ գործեր, որոնց դեպքում որոշումներ են կայացվել բացառապես օրենքով, չկաշկանդվելով։ Բայց դա, բնական է՝ կրում է լոկալ բնույթ և վերաբերում է միայն այն դատավորներին, որոնք գիտակցում են իրենց դերն ու նշանակությունը առհասարակ պետական համակարգում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է զանգերի ինստիտուտի վերանալուն և դրանով դատական համակարգի անկախությունն ապահովելուն, փաստաբանն ասաց, որ իհարկե, շատ կարևոր է, որ չլինեն զանգեր, ցուցումներ, դատական համակարգը լինի անկախ, բայց ըստ նրա՝ միայն դրանով հարցը չի լուծվի.
«Նախ և առաջ պետք է գոյություն ունենա այդ դատական համակարգը, որ անկախանա։ Այսինքն՝ դատական համակարգը պետք է լինի անկախ, օրենքից հասկացող, բանիմաց, օրենքը ճիշտ կիրառող, վճռական անձանց մի միավոր։ Քանի դեռ դա ձևավորված չէ՝ զանգես-չզանգես բան չի փոխվի։ Չի կարող աշխատել գոյություն չունեցող մեխանիզմը։
Պետք է, ի վերջո, սկսել քայլեր կատարել, և բնական է, որ դատական համակարգի ձևավորման հարցում առաջին քայլը պետք է լինի բարձրագույն դատական խորհուրդի ձևավորումը, որովհետև առկա Սահմանադրության պայմաններում հենց այդ մարմինն է ձևավորողը լինելու դատական համակարգի, բայց մենք դեռ այդ մարմինն էլ չունենք։ Մենք պետք է ձևավորենք այդ համակարգը, որից հետո այն կկարողանա աշխատել այնպես, ինչպես նախանշված է օրենքով»։
Անդրադառնալով այն կարծիքներին, թե պետք է դատական համակարգը ցրել և այն նոր կադրերով համալրել, Երվանդ Վարոսյանը հետևյալն ասաց. «Կան երկրներ, որոնք ընտրել են այդ տարբերակը և վաղ թե ուշ հաջողել են այդ առումով։ Ամբողջությամբ ցրել, մասամբ ցրել, ինչպես որոշել այդ սկզբունքը՝ ինչ պետք է արվի. ես կարծում եմ, որ բոլորն էլ ընդունելի տարբերակներ են, բայց պետք է սկսել այդ ուղղությամբ աշխատել։ Թողնել իրավիճակն այնպես, ինչպես կա, վատագույն լուծումն է հնարավոր տարբերակներից։
Ի վերջո, պետք է գալ մի եզրահանգման և այդ ուղղությամբ շարժվել։ Սպասելն ամենավատ տարբերակն է, որը հնարավոր է ընտրել այդ բոլոր հնարավոր տարբերակներից»։
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է քննարկել անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու հարցը։ Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեցինք, թե դա ի՞նչ է ենթադրում և ինչպե՞ս կարող է կիրառվել։
«Առհասարակ, ինչքան ես հասցրել եմ ուսումնասիրել անցումային արդարադատություն ասվածը, այն ծայրահեղ միջոց է, որը կիրառել են այնպիսի պետություններ, որոնք այլ ելք չեն տեսել, քան որոշակի զոհողությունների գնով, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, հասնել ինչ-որ հասարակական համերաշխության, այդ երկրներում բնակվող էթնիկ տարբեր խմբերի միջև համերաշխության։
Սա հիմնականում արվել է էթնիկ լուրջ բախումներից հետո կամ երկար տարիների ընթացքում տասնյակ հազարավոր զոհերով ուղղորդված ռեժիմներից հետո, երբ անհրաժեշտություն է առաջացել տասնյակ հազարավոր «դահիճներին» պատժել։
Այսինքն՝ շատ լուրջ խնդիր է և լուրջ մոտեցում է պահանջում։
Նժարի վրա մի կողմից դրված են այդ հասարակական համերաշխության հասնելը, մյուս կողմից դրված է, ուզած-չուզած, որոշակի նահանջը՝ իրավունքների տեսակետից»,- պարզաբանեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քանի դեռ հստակ ուրվագծված չէ, թե Հայաստանում ինչ մոդել է փորձ արվում կիրառել, դժվար է հստակ ասել՝ պե՞տք է դա Հայաստանին, թե՞ ոչ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հանրային ճնշումներին փաստաբանը խիստ բացասական է վերաբերվում.
«Այդ երևույթներն որևէ լավ բանի չեն հանգեցնելու, վախվորած, իր պարտականությունները կատարելուց վախեցող փաստաբանը ոչինչ է արդարադատության ոլորտում։ Իսկ եթե չկա պաշտպանության լիարժեք կողմ, օրինակ՝ քրեական արդարադատությունում, դա արդեն արդարադատություն չէ։ Ես սա կապում եմ վերջին շրջանի ոգևորության հետ և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս ամենը կկարգավորվի, որովհետև, եթե այս ճնշումները շարունակվեն, խոսքը վերաբերելու է նաև դատական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումներին, ոչ մի լավ բանի չենք հասնի։
Դատավորների որոշումների վրա չեն կարող չազդել այս ճնշումները, որովհետև մեկ-երկու դատավոր կարող են անտեսել այդ ճնշումները և որոշումները կայացնել այնպես, ինչպես պետք է կայացնեն, բայց շատերը գուցե ենթարկվեն այդ ճնշումներին, շատ շատերը չուզենան տեսնել իրենց ծաղրական նկարները, իրենց ուղղված վիրավորանքները և այլն»։