
ՌԴ Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Մարտիրոսյանին Հայաստանին հանձնելու որոշումը

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա մեղադրվում է խարդախության համար:
«Գերագույն դատարանի դատական կոլեգիան որոշում է կայացրել անփոփոխ թողնել և ճանաչել օրինական և հիմնավորված Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու Գլխավոր դատախազության որոշումը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Մարտիրոսյանը մոտ ժամանակներս կարտահանձնվի:
2017 թվականի դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Մարտիրոսյանին արտահանձնել Հայաստան, սակայն կինպրոդյուսերը որոշումը բողոքարկել է: 2018 թվականի հունվարի 30-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է բողոքարկումը: Սակայն Մարտիրոսյանի պաշտպանական կողմը չի համաձայնվել դատարանի որոշման հետ և դիմել է Գերագույն դատարան:
2017 թվականի հոկտեմբերից Մարտիրոսյանը գտնվում է Մոսկվայի մեկուսարաններից մեկում: Ըստ քրեական գործի նյութերի՝ Մարտիրոսյանը մեղադրվում է 2011-13 թվականներին առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու՝ ավելի 47 միլիոն դոլար գումարի չափով վնաս պատճառելու համար: