Բաժիններ՝

Իսրայելը բացել է բեռնափոխադրումների անցակետը Գազայի հետ սահմանին. Times of Israel

Օգոստոսի 15-ի առավոտյան Իսրայելը բացել է Գազայի հատվածի հետ սահմանի «Քերեմ-Շալոմ» բեռնափոխադրումների միակ հսկիչ անցակետը եւ Միջերկրական ծովում պաղեստինցի ձկնորսների համար առափնյա գոտին 6-ից մեծացրել է մինչեւ 9 ծովային մղոն (11-ից մինչեւ 16,5 կիլոմետր):

Այդ մասին հայտնել է Times of Israel թերթը՝ նշելով, որ անցումն ավելի քան մեկ ամիս փակ էր՝ ի պատասխան մարտի վերջից Գազայի հատվածի սահմանի մերձակայքում պաղեստինցի ու իսրայելացի զինվորների միջեւ շարունակվող սադրանքների եւ բախումների:

«Վերջին չորս օրերն ամենահանգիստն են եղել մարտի 30-ից ի վեր, ուստի ես որոշեցի բացել «Քերեմ-Շալոմ» հսկիչ անցակետը եւ մինչեւ 9 ծովային մղոն ավելացնել ձկնորսության առափնյա գոտին»,- ասված է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի ուղերձում, որը պաղեստինյան տարածքներում իսրայելական կառավարության գործողությունների համակարգման վարչության կողմից օգոստոսի 15-ին արաբերեն լեզվով հրապարակվել է Facebook-ում եւ Twitter-ում: «Դա հստակ ուղերձ է Գազայի բնակիչներին առ այն, որ հանգստությունը բռնությունից ավելի լավ է»,- հավելել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս