Թուրքիան ավելացրել է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը

Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի: Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով T. C. Resmi Gazete պաշտոնական կառավարական տեղեկատուին:

Նրա տվյալներով՝ նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրին համապատասխան, մարդատար ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել են 120 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 140 տոկոսով, ծխախոտինը՝ 60 տոկոսով: Բացի այդ, ավելացել է նաեւ այլ ապրանքների սակագների չափը, ներառյալ կոսմետիկական միջոցները, բրինձը եւ քարածուխը:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի Իր Twitter-ում նշել է, որ այդ միջոցները ձեռնարկվել են ի պատասխան թուրքական տնտեսության վրա «ԱՄՆ-ի վարչակազմի կանխամտածված հարձակումների»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել է ամերիկյան էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքը բոյկոտելու մասին: Նա նշել է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք է օգտագործում Թուրքիայի դեմ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երկրի վրա ներկայիս ճնշումն արտաքին որոշ ուժերի հակազդումն է Անկարայի անկախ քաղաքականությանը: Նրա խոսքով՝ նման գործողությունների հիմնական նպատակն է ստիպել Թուրքիային հրաժարվել սեփական շահերից: Էրդողանը ներկա իրադրությունը որակել է «տնտեսական պաշարում», իսկ թուրքական արժույթի հետ կապված խնդիրները՝ Թուրքիայի վրա «գրոհի» արդյունք, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս