
«Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց». Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:
«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալերկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։
Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ինախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը:
Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը: