Բաժիններ՝

Կոլումբիան Պաղեստինը ճանաչեց որպես անկախ պետություն

Կոլումբիայի Հանրապետությունը Պաղեստինը ճանաչել է որպես անկախ պետություն: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Կոլումբիայում պաղեստինյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում։

«Պաղեստինի դեսպանությունը պատիվ ունի հայտնելու, որ Կոլումբիայի Հանրապետությունը որոշել է Պաղեստինը ճանաչել որպես ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն»,- ասված է դեսպանության մամուլի տեղեկագրում:

El Tiempo թերթի տեղեկություններով՝ Պաղեստինի ճանաչման որոշումն ընդունվել է անցած շաբաթ Կոլումբիայի արդեն նախկին նախագահ Խուան Մանուել Սանտոսի կառավարության կողմից: Հարավամերիկյան երկրի նոր նախագահ Իվան Դուկեն, որը հաղթանակ է տարել հունիսի 17-ի ընտրություններում, պաշտոնն ստանձնել է օգոստոսի 7-ին:

Մինչդեռ, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Կառլոս Օլմեսը հայտարարել է, որ Կոլումբիայի նոր կառավարությունը պատրաստվում է քննադատաբար վերանայել Պաղեստինի ճանաչման որոշումը:

«Հաշվի առնելով հնարավոր բացթողումները, որոնք կարող են պարզվել այն առումով, թե նախորդ նախագահն ինչպես է ընդունել այդ որոշումը, կառավարությունը մանրակրկիտ կուսումնասիրի դրա հետեւանքները եւ կգործի միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է Օլմեսը:

Կոլումբիայում Իսրայելի դեսպանությունը հայտարարել է, թե հիասթափված է Պաղեստինի անկախությունը ճանաչելու Բոգոտայի որոշումից եւ այդ որոշումը համարում է «ապտակ հավատարիմ դաշնակցին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս