Բեն Լադենի մայրը պատմել է, թե ինչպես է իր որդին հայտնվել արմատական գաղափարների ազդեցության ներքո
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ Ուսամա բեն Լադենի մայրը՝ Ալյա Ղանեմը, հավաստիացնում է, որ իր որդին արմատական գաղափարների ազդեցության տակ է հայտնվել Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի համալսարանում: Այդ մասին նա հայտարարել է The Guardian թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է օգոստոսի 3-ին։
«Համալսարանի մարդիկ փոխեցին նրան: Նա ուրիշ մարդ դարձավ»,-արձանագրել է նախկին «թիվ մեկ ահաբեկչի» մայրը: «Նա շատ լավ երեխա էր, քանի դեռ չէր հանդիպել ինչ-ինչ մարդկանց, որոնք զգալի չափով լվացին նրա ուղեղը, երբ նա 20 տարեկանից փոքր-ինչ ավելի էր,-շարունակել է Ալյա Ղանեմը:-Կարելի է դա աղանդ անվանել, նրանք դրա համար փող էին ստանում: Ես նրան միշտ ասում էի, որ նրանցից հեռու մնա»:
Հրատարակությունը նշել Է, որ նրանցից մեկը, ում հետ բեն Լադենը ծանոթացել է համալսարանում, «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման անդամ Աբդուլա Ազամն էր, որը հետագայում արտաքսվեց Սաուդյան Արաբիայից եւ դարձավ Ուսամայի հոգեւոր դաստիարակը:
Ուսամա բեն Լադենը սպանվեց 2011 թվականի մայիսի 2-ին պակիստանյան Աբոտաբադ քաղաքի իր տանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի գործողության արդյունքում: Նրա մարմինը նետվել է Արաբական ծովը: ԱՄՆ-ի իշխանությունները բեն Լադենին համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի եւ Վաշինգտոնի վրա կատարված ահաբեկչական հարձակման գլխավոր կազմակերպիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: