
«Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների նպատակը ՌԴ-ի վրա ճնշում գործադրելն է». Զախարովա

Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներ անցկացնելը միլիտարիստական տրամադրություններ է բորբոքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 3-ին հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չենք կարող համաձայնել Վրաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարություններին, թե այդ վարժանքներն ուղղված են սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ապահովմանն աջակցելուն: Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն է, այլ ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը,-նշել է Զախարովան:-Ակներեւ է, որ նրանց իսկական խնդիրը ուժային ճնշում է, առաջին հերթին՝ Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ռուսաստանի վրա»:
Մոսկվայում ափսոսում են, որ «տարբեր պատրակներով այդ վարժանքներին ներքաշվել են Վրաստանի հարեւան երկրները»: Յգոստոսի 1-ին Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմական օդակայանում սկսվել են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) թվով չորրորդ բազմազգ զորավարժությունները՝ «Ուժը միասնության մեջ է» կարգախոսի ներքո:
Զորավարժություններին մասնակցում են 3 հազարից ավելի զինվորականներ Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ Ադրբեջանից: Բացի այդ, վարժանքներում ներգրավված են ամերիկյան օդուժն ու գերմանական զրահատեխնիկան:
«Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 15-ին: