«Չի անտեսվելու փրկարարի անձնուրաց ոչ մի աշխատանք». Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում
Օգոստոսի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին:
Հաշվետու ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 114 դեպք-պատահար:
Լոռու ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Կ. Հովաննիսյանն իր զեկույցում նշեց, որ հրշեջ-փրկարարների արագ և արդյունավետ արձագանքման արդյունքում հնարավոր է եղել մարել Հայաստան-Վրաստան սահմանային հատվածում բռնկված հրդեհը, որի արդյունքում այրվել է 60 հա տարածք: ՄՓՎ պետը նշեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում անձնակազմը մասնակցել է միջազգային կարգի չափորոշիչներին համապատասխան 36 ժամյա դաշտային վարժանքի:
Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո Ծառայության տնօրենն անդրադարձավ փրկարար ծառայության որակի բարձրացման խնդրին և առաջիկայում սպասվող միջոցառումներին:
Գնդապետ Նահապետյանը բոլոր ստորաբաժանումներին հանձնարարեց խստորեն հետևել ծառայության բարեխիղճ կազմակերպմանը, ներքին կարգ ու կանոնի պահպանմանը և բացառել ցանկացած անօրինական գործողություն: Տնօրենը նշեց, որ իր անմիջական վերահսկողության տակ են գտնվելու թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում իրականացվող փրկարարական աշխատանքներն ու ծառայության այլ գործառույթներ: Չի անտեսվելու փրկարարի անձնուրաց ոչ մի աշխատանք և խրախուսվելու է ըստ արժանվույն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումների նախապատրաստական հարցերը: