Ռուսաստանից զենք գնող որոշ երկրներ կազատվեն ամերիկյան պատժամիջոցներից

Առաջիկա ամիսներին Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանից զենքի որոշ տեսակներ գնող երկրների դեմ: Պատժամիջոցները նախատեսված են 2017-ին Կոնգրեսի երկու պալատների բացարձակ մեծամասնության կողմից ընդունված CAATSA՝ Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին պայքարի ակտով:  Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Վերջին տասնամյակում Ռուսաստանից զենքի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը, Վիետնամը, Վենեսուելան, Եգիպտոսը, Իրաքը, Ադրբեջանն ու Մալայզիան: Ընդունված ակտի 231-րդ կետի համաձայն, Ռուսաստանի հետ սերտ ռազմական համագործակցություն ունեցող կամ զենքի գնման խոշոր գործարք կնքած երկրի դեմ Միացյալ Նահանգները պետք է պատժամիջոցներ ընդունի եւ դադարեցնի ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ: Պահանջները սակայն Սպիտակ տանը մանեւրելու քիչ հնարավորություն էին տալիս, վտանգելով ԱՄՆ-ի հարաբերություններն ավանդական դաշնակից Հնդկաստանի, Վիետնամի եւ Ինդոնեզիայի հետ:

Այս շաբաթ Միացյալ Նահանգների Կոնգրեսի վավերացրած պաշտպանական ծախսերի օրենքը թույլ է տալիս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին բացառիկ դեպքերում պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք Ռուսաստանից մեծաքանակ զենք էին գնել: Մասնավորապես, Պենտագոնի ղեկավարը կարող է պատժամիջոցներից ազատել այն երկրները, որոնք ցույց կտան, որ դադարեցրել կամ զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանից զենքի գնումները:

Դա, մասնավորապես, թույլ կտա ԱՄՆ-ի դաշնակից Վիետնամին կամ Ինդոնեզիային ապահովել նրանց մոտ եղած ռուսական զենքերի վերանորոգման ընթացիկ կարիքները, միեւնույն ժամանակ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, եթե նրանք հրաժարվեն Մոսկվայից զենքի հետագա մեծածավալ գնումներից:

Միեւնույն ժամանակ, նույն օրենքը պատժելու է Թուրքիային, որը նախատեսում է Ռուսաստանից S-400 հակաօդային համակարգեր գնել: Որպես պատիժ, Միացյալ Նահանգների Սենատն ու Ներկայացուցիչների պալատն արգելափակելու են Թուրքիային ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը:

Տեսանյութեր

Լրահոս