Դատարանն Արգենտինայի խորհրդարանից Ֆեռնանդես դե Կիրշների տներում խուզարկության թույլտվություն է խնդրել. Todo Noticias
Արգենտինայի դատավոր Կլաուդիո Բոնադիոն խորհրդարանից թույլտվություն է խնդրել նախկին նախագահ եւ սենատոր Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների տներում խուզարկություն կատարելու կաշառքների գործով: Օգոստոսի 3-ին այս մասին հաղորդել է Todo Noticias հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ փոխնախագահ եւ Սենատի նախագահ Գաբրիելա Միչետին արդեն «Եկե՛ք փոխենք» կառավարամետ դաշինքի խմբակցությանը խնդրել է դատավորի միջնորդության քննարկման համար անհրաժեշտ ընթացակարգ սկսել: Եթե գործող իշխանության կողմնակիցները կարողանան աջակցություն գտնել ընդդիմության շրջանում, նախկին նախագահի, որն օգտվում է խորհրդարանական անձեռնմխելիությունից, բնակարանում եւ տանը խուզարկություն կատարելու պահանջը կարող է քննարկման դրվել արդեն հաջորդ շաբաթ: Ներկայում Ֆեռնանդես դե Կիրշները մի քանի դատական գործերի ֆիգուրանտ է:
Նրան առաջադրվել են մեղադրանքներ բյուջետային միջոցների հափշտակման նպատակով հանցավոր նախահամաձայնությանը մասնակցելու, Արգենտինայի Կենտրոնական բանկում մեքենայություններին առնչվելու եւ ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Բացի դրանից, պետության նախկին ղեկավարին կասկածում են ապօրինի հարստացման եւ կոռուպցիայի մեջ: Ֆեռնանդես դե Կիրշներն ինքն իրեն քաղաքական հետապնդման զոհ է համարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: