Բաժիններ՝

Բերդավան գյուղի այգիներում բռնկված հրդեհի վնասի չափը հստակեցնելու համար կկազմվի հանձնաժողով

Տավուշի մարզի Բերդավան գյուղի այգիներում բռնկված հրդեհի վնասի չափը հստակեցնելու համար կկազմվի հանձնաժողով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքը տեղի ունեցել օգոստոսի 2-ին, և հրդեհը դեպի Բերդավանի գյուղացիների այգիներ է հասել Ադրբեջանի տարածքից:

«Այնտեղ հրդեհ էր բռնկվել, որը հետո անցավ մեր տարածք: Եթե ժամանակին համակարգված աշխատանք չտարվեր, ապա վնասի ծավալները մեծ կլինեին: Փրկարարները, հրշեջները, զինվորները բավական լավ աշխատեցին, այսօր կարող ենք ասել, որ մեր հատվածում կրակը մարվել է»,-ասաց Սմբատ Մուղդուսյանը:

Նա տեղեկացրեց, որ 10 հա խաղողի այգի է այրվել, մի քանի հա պտղատու այգի, դաշտեր: Ընդհանուր առմամբ վնաս է կրել 10-12 ընտանիք: Սմբատ Մուղդուսյանը նշեց, որ կկազմվի հանձնաժողով, որպեսզի մասնագետները ավելի ճշգրիտ գնահատեն վնասի չափը:

Բերդավանի վարչական ղեկավարը նկատեց, որ գյուղացիները, անվտանգության խնդիրների պատճառով, բավական դժվարությամբ են սահմանամերձ հողատարածքները մշակում, հիմա էլ այդ մշակված տարածքի մի մասն այրվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս