«Այն, որ Ռուսաստանում կարող էին հիվանդագին ընդունվել այդ կարգի հարցերը, կարելի էր նախօրոք հասկանալ». Ալեքսանդր Իսկանդարյան

«Սա այն դեպքերից է, երբ ներքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում արտաքին քաղաքականությանն վրա»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության մասին։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա:  «Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգությունը հասցրել ենք հայկական ղեկավարությանը,- ավելացրել է նախարարը,- հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կառուցողական ճանապարհով կընթանա»:

Ա. Իսկանդարյանը գտնում է՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը ներքին քաղաքականության շրջանակներում կարելի է դիտարկել։ Նա չի գտնում, որ այստեղ արտաքին քաղաքական կոնտեքստ կա։ Ըստ նրա՝ սա ներքին քաղաքական հարց է, որն ազդում է նաև արտաքին քաղաքականության  վրա։

«Գտնում եմ՝ այն քայլերի ոչ բավարար հաշվարկ էր։ Հասկանալի է, որ որոշ քայլեր արվում են ներքին քաղաքականության կոնտեքստում, բայց անգամ ոչ ֆորմալ մակարդակում գործընկերները բավարար չափով տեղեկացված չէին, նրանց հետ բավարար չափով կոնսուլտացիաներ, բացատրություններ, համաձայնեցումներ չեն արվել, իսկ նման հարցերի պարագայում դա անհրաժեշտ է։ Ես խոսում եմ ոչ այնքան նախկին նախագահի, որքան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ սկսված գործընթացի մասին, որովհետև ՀԱՊԿ-ն միջազգային կազմակերպություն է, Ռուսաստանն այս կազմակերպությունում կենտրոնական տեղ ունի, այդ կառույցի գործելը չափազանց կարևոր է՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի համար, ու այն, որ Ռուսաստանում կարող էին հիվանդագին ընդունվել այդ կարգի հարցերը, կարելի էր նախօրոք հասկանալ։ Եթե անգամ այդ ընկալումը եղել է, այն բավարար չափով չի եղել»,- նշեց Ա. Իսկանդարյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս