Կալանք չկիրառելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող էր խոչընդոտել քննությանը. ՀՔԾ պետ
«Խափանման միջոցը կալանավորումը փոխելու հարցը լուծում է դատախազը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է 41 պատգամավորի ստորագրությունը հիմք հանդիսանա Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար:
Անդրադառնալով Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին, որ մեղադրանքը հստակ չէ և իրավական անգրագիտություն է, ՀՔԾ պետը հայտարարեց.
«Ես չեմ իջնի նրանց մակարդակին և անձնական վիրավորանքներով իրենց պատասխանել չեմ ցանկանում: Մեր մեղադրանքի որոշումն այնքան հստակ է, պարզ ու հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի և տեղ-տեղ նաև ծիծաղելի են այդ որոշակի մանիպուլյացիաները, որ փորձում են անել պաշտպանական կողմից ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքական հայտարարությունները: Ինչո՞ւմ է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, ինչն արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ: ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է:
Բանակի ներգրավումը կարող էր լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն: Ինչպես գիտեք, ռազմական դրություն հայտարարված չի եղել: Սա այնքան պարզ է, այնքան հստակ է, որ ես նույնիսկ չեմ հասկանում այս աղմուկը, որ բարձրացվել է»:
Որպես վկա հրավիրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու հանգամանքի վերաբերյալ Ս.Խաչատրյանը նշեց, որ քրեական դատավարությունը դինամիկ պրոցես է, այսինքն՝ ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ՝ ամեն ժամ, ամեն օր, վայրկյան և անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցման հիման վրա:
Նրա խոսքով՝ ենթադրենք, որ այդ պահին չկա այդ ապացույցների համակցումը, մեկ ժամ հետո կարող է այդ համակցումը լինի, մի ապացույցը մյուսի հետ համադրելով վարույթ իրականացնող մարմինը գա եզրակացության, որ բավարար է անձին մեղադրյալի կարգավիճակ տալու համար.
«Տվյալ դեպքում, եթե անձը նման ապացույցների առկայության դեպքում հարցաքննվի որպես վկա, մենք խախտած կլինենք նրա իրավունքները»:
ՀՔԾ պետի խոսքով՝ ծանուցման հետ կապված խախտում չկա, քննչական գործողություն կատարելուց առաջ նա ծանուցվել է, որ հարցաքննվում է որպես մեղադրյալ, հակառակ դեպքում խախտում կլիներ:
Կալանք չկիրառելու դեպքում, ՀՔԾ պետը համոզված է, որ Քոչարյանը կարող էր խոչընդոտել քննությանը. «Խափանման միջոցն ընտրվում է, ելնելով այն անհրաժեշտությոնից, որ ապահովվի կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթում: Դա միայն փախուստի դիմելը չէ, միշտ մոռացվում է առավել կարևոր հանգամանքը, որ մեղադրյալի կողմից վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է:
Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը անհրաժեշտ է, որ մենք կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել և բացառվի նրա ապօրինի ազդեցությունը վարույթի մասնակցիների, քրեական դատավարության մասնակիցների վրա»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանին կամ Հովիկ Աբրահամյանին հարցաքննելու անհրաժեշտության տեսնո՞ւմ է, Ս.Խաչատրյանը պատասխանեց, որ հարցաքննելու անհրաժեշտությունը տեսնում է քննիչը, չհարցաքննելու պարագայում նույնպես պետք է հիմնավորված լինի.
«Եթե քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որևէ պաշտոնատար անձ կարող է որևէ նշանակալի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվելու է»:
Ս.Խաչատրյանը նշեց, որ փաստահավաք խմբի տեղեկությունները ստուգվում են, դրանց հիման վրա ձեռք են բերվում դատավարական ընթացակարգերով ապացույցներ, հարցաքննվում են վկաներ, առգրավվում են փաստաթղթեր, կատարվում է զննություն, և տրվում է դատավարական պատշաճ կարգավիճակ այդ ապացույցներին:
Հարցին՝ Ռուսաստանի արձագանքը կարո՞ղ է ազդեցություն ունենալ, Ս.Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՔԾ ղեկավարն այն պաշտոնյան չէ, որ պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքը.
«Ես իմ մասով կարող եմ ասել, որ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս պրոցեսը խիստ իրավական ընթացակարգերում է և շահարկողներին, որոնք բազմիցս փորձում են շահարկել, թե իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կա դրույթ, որով ՀՔԾ-ն կասկածի տակ է դնում ընտրություների արդյունքները, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման դրույթ չկա, մենք կասկածի տակ չենք դրել ընտրությունների արդյունքները, մենք միայն նշել ենք, որ «այն քաղաքացիները, որ համարել են ընտություների արդյունքները կեղծված, դուրս են եկել փողոց… այսքանը»:
Ս.Խաչատրյանը նաև նշեց, որ Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկություն չունեն. «Մեր տեղեկություններով, Միքայել Հարությունյանը միայն ՀՀ քաղաքացի է»: