Բաժիններ՝

Մնջախաղի թատրոնն արժանացել է Անտիկ դրամայի «Ստոբի» միջազգային փառատոնի Գրան Պրիին

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մակեդոնիայի մշակույթի թատրոն «Jordan H.K-Dzinot» ազգային ինստիտուտ-կենտրոնի և Մակեդոնիայի Վելես քաղաքի քաղաքապետարանի հրավերով հուլիսի 18-23-ը մասնակցել է Անտիկ դրամայի «Ստոբի» միջազգային 17-րդ թատերական փառատոնին՝ իր խաղացանկային «Արդաղիոն» ներկայացմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Ներկայացումը ցուցադրվել է հուլիսի 22-ին «Ստոբի» անտիկ ամֆիթատրոնում: Հուլիսի 29-ին փառատոնի փակման արարողության ժամանակ ազդարարվել է թատրոնի արժանանալը Գրան Պրիին՝ լավագույն ներկայացման համար:

Ինչպես պատմում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, նրանք արդեն Հայաստանում են եղել, երբ իմացել են հաղթանակի մասին:

«Մասնակցում էր 6 թատրոն: Բեմադրությունները հիմնականում անտիկ դրամաներ էին: Ներկայացումները ցուցադրվում էին բացօթյա ամֆիթատրոնում: Միակ մնջախաղի թատրոնը մենք էինք, բոլորը դրամատիկ, «խոսող» թատրոններ էին»,-ասաց նա:

Մնջախաղի պետական թատրոնը Հատուկ մրցանակի է արժանացել Վոլոգդայի քաղաքապետարանի կողմից ՌԴ Վոլոգդա քաղաքում անցկացվող «Голоса истории» միջազգային թատերական 14-րդ փառատոնում:

«Մենք հրավիրված էինք պատվավոր հյուրի կարգավիճակով, հանդես եկանք մրցույթից դուրս: Սակայն մեր ներկայացումից հետո ժյուրին չէր կարողացել անտարբեր մնալ: Դարձյալ վերադարձից հետո իմացանք, որ Հատուկ մրցանակի ենք արժանացել»,-ասաց նա:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերոնշյալ փառատոններին մասնակցել է հրավիրող կողմի ծախսերով:

«Մենք համաձայնում ենք մասնակցել այդ փառատոններին, որովհետև հասկանում ենք, որ մեր կառավարության միջոցներն այնքան շատ չեն, որ ամեն անգամ դիմենք ու գումար ստանանք: Իսկ հրավերներ շատ ենք ունենում»,-նշեց նա:

Ժիրայր Դադասյանի խոսքով` վերջին անգամ թատրոնը ֆինանսավորվել է 5 տարի առաջ:

Շենքի մասին խոսելիս գեղարվեստական ղեկավարը նշեց, որ շենքի խնդիրը դարձյալ մնում է: «Մենք չգիտենք` երբ պիտի սկսվի ու ավարտվի մեզ հատկացված տարածքի վերակառուցումը: Մի քանի ամիս առաջ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն ասում էր, որ կսկսվի այս տարի մայիսին ու կավարտվի հաջորդ տարվա մայիսին, և ընդհանուր առմամբ կծախսվի 260 մլն դրամ: Հիմա չգիտենք` ինչ է լինելու»,- հավելեց նա:

Երևանի մնջախաղի պետականը թատրոններից միակն է, որ շենք չունի: Այդ հարցով Ժիրայր Դադասյանը մեկ ամիս առաջ հանդիպել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ: «Փոխնախարարն ասաց, որ պետք է նամակ գրենք, մանրամասն շարադրենք խնդիրները: Մենք գրել, ուղարկել ենք, և մի ամիս է անցել, որևէ պատասխան չկա: Բայց փոխնախարարը խոստացել է, որ շուտափույթ լուծելու են խնդիրը»,-ընդգծեց նա:

Մայիսին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Դադասյանն ասել էր, որ եթե թատրոնը նոր շենք ունենա, բացումն ազդարարվելու է «Պիեռոյի երազը» նոր ներկայացմամբ: Ռեժիսորը ոգևորվել է «Էլեկտրիկ-Երևան» շարժմամբ: «Այդ մասին պիեսն 3-4 տարի առաջ ներկայացրել ենք ֆինանսավորման, բայց չենք ստացել: Հերոսն ակտիվիստ է: Ինձ համար այդ ժամանակի բոլոր խորհրդանիշները կան ներկայացման մեջ: Երիտասարդ հերոսը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ իրեն շրջապատում է, չի հասկանում` ինչ է ուզում և դա տեսնում է երազի մեջ, որտեղ ինքը վերածվում է Պիեռոյի»,-եզրափակեց Ժիրայր Դադասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս