
Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչներն այցելել են Վիեննայի Մխիթարյան միաբանություն

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հուլիսի 30-ին կազմակերպեց արդեն ավանդական դարձած այցելություն Վիեննայի Մխիթարյան միաբանության վանք: Այս անգամ Եվրոպայում գտնվող հայկական ամենահին հաստատություններից մեկի հյուրերն էին Ավստրիայի արտաքին գերատեսչության աշխատակիցները՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի ղեկավար Կատարինա Վիզերի և Մշակութային համագործակցության բյուրոյի ղեկավար Թերեզա Ինջայնի գլխավորությամբ:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի և միաբանության աբբահայր Պողոս Արքեպիսկոպոս Գոճանյանի ուղեկցությամբ ու վերջինիս մեկնաբանություններով ավստրիացի դիվանագետները շրջայց կատարեցին միաբանության տարածքով, ծանոթացան եկեղեցուն, թանգարանին, հայ վանականների կողմից դարերով հավաքված ու պահպանված հարուստ հավաքածուներին և գրադարանին։
Այցելուները հատուկ ուշադրությամբ ծանոթացան ս.թ. հունիսի 1-ից Միաբանության թանգարանում բացված «Հայաստանի Հանրապետություն – Ավստրիա. 1918-1921թթ. պաշտոնական շփումները» ցուցահանդեսին, որն Ավստրիայում ՀՀ դեսպանությունը պատրաստել էր Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին ընդառաջ և որի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել մայիսի 28-ին: