«Առաջին նախագահին կարող են հարցաքննության կանչել, ես էլ կարող եմ վկայություն տալ». Պարույր Հայրիկյան
«Նրանք, ովքեր կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին, ավելի լավ կներկայացնեն՝ ինչով է պայմանավորված նրա կալանավորումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա ասաց, որ իրեն ընդհանրապես դուր չի գալիս, երբ որևէ մեկը կալանավորվում է նախնական կալանքի տեսքով: Ըստ նրա՝ միայն բացառիկ դեպքերում կարելի է մարդուն կալանավորել, և մինչև դատարանի որոշումը սխալ է կալանավորելը:
«Այն, որ Ռոբերտ Քոչարյանը դրական քաղաքական կերպար չէ, ես դրա մասին գրել եմ 2003 թվականին՝ բաց նամակ հղելով Ռոբերտ Քոչարյանին: Այդտեղ շատ ավելին է գրված, քան այն, ինչի համար Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են: Այսինքն՝ ինձ համար դեռ այն ժամանակ էր ակնհայտ, որ նա սխալ ճանապարհին կանգնած քաղաքական գործիչ է, ու նրան կարգի եմ հրավիրել: Նմանատիպ բաներ ունեմ գրված նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված, և այդ գրությունների մի մասը քրեորեն հետապնդելի հանցագործությունների մասին են»,- նշեց Պ. Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ երեք նախագահների մասին էլ խոսելիս՝ միայն բացասականը կարելի է հիշել, ու դա խարան է, որը ծանրացած է ժողովրդի վրա:
Դիտարկմանը, թե Ռ. Քոչարյանի փաստաբաններն ասում են, որ սա քաղաքական հալածանք, հետապնդում է նրա նկատմամբ՝ Պ. Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Մենք քաղաքական ուժերի գործունեության ընթացքում քաղաքական նախասիրությունները բացառել չենք կարող: Այդ նախասիրությունները կարող են ընկալվել՝ որպես քաղաքական հալածանքներ: Երբ քաղաքական իշխանություններն ինչ-որ քայլեր են անում, դրանք կարող են ունենալ նաև քաղաքական նկատառումներ, բայց դա միանշանակ չի նշանակում, որ դա վատ է: Այո, ես ունեմ քաղաքական նկատառումներ, որ ՀՀ-ում քաղաքացին լինի երկրի տերը, ու դրա ճանապարհին կանգնած մարդկանց, ես՝ իշխանություն ունենալու պարագայում, պատրաստ եմ ասպարեզից հեռացնել: Դա քաղաքական հալածա՞նք է, այո, բայց մարդու իրավունքները երկրում կյանքի կոչելու համար»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՀ առաջին նախագահին էլ կանչեն հարցաքննության Մարտի 1-ի գործով, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Առաջին նախագահին կարող են հարցաքննության կանչել, ես էլ կարող եմ վկայություն տալ, որովհետև այդ օրերին շատ ակտիվ եմ եղել: Չեմ եղել Լ. Տեր-Պետրոսյանի թիմում, բայց երբ իմացա, որ նա կալանքի տակ է, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին բավական կոպիտ հեռախոսով դիմեցի, թե՝ սա ինչ խայտառակություն է, ինքն ասաց, թե կալանքի տակ չէ, ու ես գնացի Լ. Տեր-Պետրոսյանի տուն, ճանապարհին ոստիկանների տեսա, ի վերջո, իմացա, որ նա տնային կալանքի տակ չէ, այլ ինքը չի ուզում դուրս գալ: Դա մեղադրելի չէ, դրա մեջ հանցանշաններ չկան»: