«G20-ն ավելի ու ավելի շատ կզբաղվի քաղաքական հարցերով». Լավրով
Քսանի խումբը, որն ստեղծվել է համաշխարհային տնտեսության եւ միջազգային արժութային ֆինանսական համակարգի խնդիրները լուծելու համար, ավելի ու ավելի մեծ չափով կզբաղվի քաղաքական հարցերով: Հուլիսի 30-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Իմաստների տարածք» համառուսաստանյան երիտասարդական կրթական համաժողովի մասնակիցների առջեւ:
«Քսանյակը» շատ հետաքրքրական ֆենոմեն է, այն ծրագրվել է համաշխարհային տնտեսության գործունեության սկզբունքային հարցերի շուրջը համաձայնության գելու համար, բայց այն իրադրության մեջ, երբ տնտեսությանն անխուսափելիորեն միահյուսվում են նաեւ խոշոր քաղաքական խնդիրներ, «Քսանյակը» հավանաբար ավելի ու ավելի շատ կզբաղվի նաեւ դրանցով»,- ասել է նախարարը:
Այսպես, նա նշել է, որ արդեն երեք տարի անընդմեջ, բարձր մակարդակով հանդիպումների եւ էկոնոմիկայի նախարաների հանդիպումների հետ մեկտեղ անցկացվում են քսան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումներ:
«Այդ գործընթացն առողջ է, որովհետեւ «քսանյակն» աշխատում է ոչ թե ինչ-որ բարդ ու խրթին կանոնների եւ ընթացակարգերի, այլ փոխհամաձայնության հիման վրա»,- ընդգծել է Լավրովը: Քսանի խումբը 19 խոշորագույն տնտեսապես զարգացած եւ զարգացող երկրների եւ Եվրամիության ոչ պաշտոնական միավորում է: Գոյություն ունի 1999 թվականից: Հիմնական նպատակներն են գլոբալ տնտեսական կայունությունը, կայուն զարգացման եւ ֆինանսական ճգնաժամերի ռիսկերի նվազման համար պայմանների ստեղծումը: Մշտական կենտրոնակայան չունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: