Ստորերկրյա ջրերի նվազման արդյունքում Արմավիրի հինգ համայնքներում ոռոգումը խիստ վտանգված է
Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման լուրջ խնդիրների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը Արմավիրի մարզ այցի ընթացքում լրագրողներին ասաց, որ Արմավիրի տարածաշրջանի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն և Վարդանաշեն համայնքների շուրջ 1500 հա հողատարածքների ոռոգումը խիստ վտանգված է և հրատապ խնդիր է՝ հորատել 12 և վերականգնել ևս 12 խորքային հորեր:
«Հինգ համայնքներում առկա խնդիրները լուծելու համար արդեն իսկ արվել է առաջին քայլը՝ դիմել ենք Կառավարությանը 12 խորքային հորերի վերականգման և 12 նոր խորքային հորերի կառուցման համար: Այս կերպ կլուծվի հարակից 5 համայնքների 1500 հա հողատարածության ոռոգման հարցը»,- ասաց Գաբայանը: Իսկ հեռակա խնդիրներից Ջրային կոմիտեի նախագահն առանձնացրեց Սևջուր գետի մակարդակի բարձրացումը և բնական տեսքին վերադարձնելը, որպեսզի գետի օգտագործումը շարունակվի ՝ ոռոգման նպատակով:
12 նոր խորքային հորերի ստեղծման և 12 հորերի վերականգման համար նախագծային փաստաթղթերն առկա են, հայտարարվել է մրցույթ, շահող կազմակերպությունները հայտնի են, պահանջվող 665.8 մլն.դրամ միջոցների բացակայության պատճառով աշխատանքներն առայժմ չեն իրականացվում:
Գյուղացիներն ահազանգում են՝ տարիներ շարունակ մրգեր և բանջարեղեն աճեցնելու համար ոռոգումը իրականացնում են կոյուղաջրերով: Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանն ասաց, որ 1998 թվականին համայնքում տարածված խոլերա հիվանդությունը, շատ հավանական է, որ այսօր նորից տարածվի:
«Արմավիրի մարզի ամբողջ կոյուղին լցվում է Սևջուր, անցնում է պոմպակայան և այնտեղից մղվում է դեպի դաշտերը: Դա անթույլատրելի է: Ամեն վայրկյան կարող է խոլերա սկսվել»,- ասաց համայնքապետը: Նա խոստովանեց նաև, որ շուկայում գյուղացիները չեն ասում, որ արտադրանքը Զարթոնքից է, քանի որ իրենց ունեցած մի քանի հեկտար տարածքում հողագործությունը և դրանից ստացված բերքը իրենց ապրուստի միակ միջոցն է:
Ջրային կոմիտեի Ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը պատմում է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը դեռևս 1984 թվականից օգտագործվել են 34.7 խմ/վրկ ելքով: Այդ ժամանակ գործող իրավասու պետական մարմնի՝ Պաշարների պահպանման հանձնաժողովի կողմից 34.7 խմ/վրկ-ը սահմանվել է որպես օգտագործման թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ, որի արդյունքում պահպանվում էր ջրային ռեսուրսների հաշվեկշիռը: Սակայն վերջին 15 տարիների ընթացքում հարթավայրում հորատանցքերով ջրառը կազմել է շուրջ 55 խմ/վրկ, որը թույլատրելի միջին ջրաքանակը գերազանցել է մոտ 21 խմ/վրկ-ով:
«Վերջին 2-3 տարիներին Սևջուր գետը ընդհանրապես գոյություն չունի: Նախկինում Արևշատի և Ռանչպարի պոմպակայանների միջոցով Սևջուր գետի ջրերը Ստորին-Հրազդանի ջրանցք է մղվել տարեկան 90.մլն.խ.մ: Այդ ժամանակ ոռոգման համար Սևանա լճից օգտագործվել է ընդամենը 8 մլն.խ.մ. ջուր: Այսօր այդ նույն համակարգի համար Սևանից օգտագործվում է 80 մլն.խ.մ. ջուր: Այսինքն ստեղծվել է ամբողջապես հակառակ պատկերը»- ասաց Կարեն Դադոյանը:
Ձկնաբուծական տնտեսությունների թույլատրելի ջրառը չպետք է գերազանցեր 12 խմ/վրկ, այնինչ ջրառը սահմանվածից 23 խմ./վրկ-ով ավելին է: Վերջին 15 տարիների ընթացքում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման արդյունքում Սևջուր գետի հոսքը ներկայումս կազմում է առավելագույնը 0.5խ.մ/վրկ, այն դեպքում երբ 1991-1992 թթ. այն կազմել է 20-22 խ.մ/վրկ և մինչև 2004թ. 8-10 խ.մ/վրկ:
«Եթե մեզ մոտ Սևջուրը լիներ մենք երբեք Սևանին չէինք դիմի և հավելյալ ջուր չէինք ուզի: Եթե ձկնաբուծական տնտեսությունները նույն տեմպով շարունակեն ջրի օգտագործումը և Սևջուրի հարցը այդպես էլ չլուծվի, ապա մենք եղածն էլ կկորցնենք»,- ասաց Դադոյանը:
Միլենա Մկրտչյան