Բաժիններ՝

Տրանսֆերային պատուհանի ամենից խորամանկ, խճճված և դրամատիկ գործարքի հետքերով

Իտալական «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան մեկնաբանել է «Բորդոյի»  հարձակվող Մալկոմի տրանսֆերը:

«Առավոտյան Մոնչին հեռախոսով խոսեց Մալկոմի գործակալի հետ և տրանսֆերի կայացման նախնական համաձայնություն ստացավ: Մենք խորհրդակցեցինք փաստաբանների հետ, և կարծես ամեն ինչ կարգին էր:

Երեկ «Բարսան»  ներողություն է խնդրել մեզանից, բայց ես չընդունեցի նրանց ներողությունը: Կներեմ «Բարսային», եթե նրանք մեզ տան Մեսսիին:

Դադարեցնե՞լ հարաբերությունները «Բարսելոնայի» հետ: Ոչ, իհա՛րկե ոչ: Այս ակումբն ավելի մեծ է, քան մերը: Ապագայում մենք համագործակցելու ենք նրանց հետ»,- ասել է Պալոտան:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» իրականացրեց տրանսֆերային այս պատուհանի ամենից  խորամանկ, խճճված և դրամատիկ գործարքը. 41 միլիոն եվրոյի (+1 միլիոն բոնուս) դիմաց կատալոնական ակումբ տեղափոխվեց  «Բորդոյի»  կիսապաշտպան Մալկոմը: Դեռևս երկուշաբթի երեկոյան նա պատրաստվում էր թռչել Հռոմ: Ֆրանսիական ակումբը և «Ռոման»  պաշտոնապես հայտարարեցին, որ իրենք համաձայնության են եկել: Մի քանի ժամ անց իրավիճակը շրջվեց:

Թե ինչպես է դա տեղի ունեցել, պատմել է միայն «Ռոմայի»  մարզական տնօրեն Մոնչին:

«Մալկոմի հետ կապված միջադեպը հեշտ է բացատրել, բայց դժվար է հասկանալ: Մենք բանակցություններ սկսեցինք «Բորդոյի» և խաղացողի գործակալի հետ: Երեք կամ չորս օր տևած աշխատանքից հետո մենք վերջապես համաձայնեցինք ակումբի, խաղացողի և գործակալի հետ»:

17:00 երկուշաբթի.  «Բորդոն» և «Ռոման» հայտարարում են, որ նրանք համաձայնեցրել են Մալկոմի տեղափոխության մանրամասները: Ոչ պաշտոնական տվյալներով՝ գործարքը կազմում էր մոտ 32 մլն եվրո էր + 4 մլն բոնուս:

«Երեկոյան  ժամը 9-ին Մալկոմը պետք է թռչեր Հռոմ: Հանկարծ, պայմանագիր կնքելուց կես ժամ առաջ, ես զանգ ստացա «Բորդոյի»  նախագահ Ստեֆան Մարտինից: Նա ասաց, որ գործարքի շուրջ շատ լուրեր էին տարածվել, այնպես որ,  հիմա ավելի լավ է պաշտոնական հայտարարություն ներկայացնել: Ես պատասխանեցի, որ սա մեզ համար լավագույն տարբերակ չէ, քանի որ մեր բաժնետոմսերը գտնվում են ֆոնդային բորսայում, մենք պետք է հետևենք որոշակի կանոններին: Բայց նա պնդեց, և նրանք հայտարարեցին համաձայնության մասին»:

18:00 – 19:00 երկուշաբթի.  «Ռոմայի» ղեկավարությանը շշուկներ հասան, որ «Բարսելոնան», ով  չի կարողացել  «Չելսիից» ձեռք բերել Վիլիանին, ցանկանում է գնել Մալկոմին՝ որպես երկրորդ տարբերակ:

«Ես զարմացա, երբ խաղացողի ներկայացուցիչներից մեկն ինձ ասաց, որ ֆրանսիական ակումբը  չեղյալ է հայտարարել Մալկոմի՝  Հռոմ տեղափոխվելը: Ես դիմեցի ակումբի ներկայացուցչին: Նա ասաց, որ «Բարսելոնայի» նոր առաջարկն ավելի լավն է, քան մերն է, և եթե մենք չենք առաջարկում ավելի շատ, մենք չենք կարողանա ստորագրել խաղացողին: Ես պատասխանեցի, որ մենք համաձայնեցրել էինք ամեն ինչ, բայց նա ասաց, որ մեր միջև ոչինչ չի ստորագրվել: Ես մեր նախագահին տեղեկացրեցի ամեն ինչի մասին: Նա թույլ տվեց ինձ առաջ շարժվել և  սպասել «Բարսելոնայի» առաջարկին: Ես դրա հետ համաձայն չէի, բայց նա պնդեց»:

23:00 երկուշաբթի. «Ռոմայի» երկրպագուները, ովքեր հավաքվել էին օդանավակայանում, հասկանում են, որ Մալկոմը չի ժամանելու, բայց թե՛ նրանք, թե՛ ակումբի ղեկավարությունը հույս ունեին, որ հաջորդ օրը գործարքը կկայանա:

«Ես տեղեկացրել եմ «Բորդոյի» նախագահին և  Մալկոմի գործակալներին, որ «Ռոման» պատրաստ է շրջանցել «Բարսելոնայի» առաջարկը: Նրանք պատասխանեցին, որ մենք պետք է պաշտոնական գրություն ուղարկենք: Ժամը 23:00-ին մենք ուղարկեցինք այդ փաստաթուղթը, և ինձ ասացին, որ, եթե ամեն ինչ լավ լինի, երեքշաբթի մենք կփոխանակվենք փաստաթղթերով, և Մալկոմին կրկին թույլ կտան թռչել Հռոմ»:

Երեքշաբթի առավոտյան Մոնչին զանգահարում է  Մալկոմի գործակալին, ով ժամը 12-ին պետք է հանդիպեր «Բորդոյի»  նախագահին: Պետք է տեղի ունենար պայմանավորվածություն և ձեռք բերվեր համաձայնություն:

Երեքշաբթի.  «Բորդոն»  ավելի շատ գումար է պահանջում:

«Հանդիպումից հետո նորից զարմացա: Նրանք սպասում էին նոր բարելավված առաջարկի, քանի որ կատալոնական ակումբը շարունակում էր ակտիվ պայքարել գործարքի համար:  Ես ասացի, որ արդեն բավարար է, մենք այլևս չենք մասնակցում խաղին: Մենք թողեցինք բանակցությունները, որովհետև նրանք այն  վերածեցին աճուրդի»:

Այժմ «Ռոման»  քննարկում է` արդյոք արժե դատի տալ «Բորդոյին», քանի որ գործարքը չկայացավ՝ չնայած արդեն եղել էր հայտարարություն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս