«Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները ՆԱՏՕ-ի ուղղությամբ ավելի մեծ ճկունություն ու դինամիկ աշխատանք են պահանջում»

Թեև հաշված օրեր են մնացել Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի բազմազգ Noble Partner 2018 («Արժանի գործընկեր 2018») զորավարժություններին, ՀՀ իշխանությունները դեռ չեն հստակեցրել մասնակցությունն օգոստոսի 1-ին մեկնարկելիք միջոցառմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ զորավարժություններին մասնակցելու են զինվորներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Հայաստանից:

«Այս տարի անցկացվելիք զորավարժությունների նպատակն է՝ բարելավել պաշտպանական, հարձակողական, ինչպես նաև կայունության ապահովման գործողությունների անցկացման հմտությունները, բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի պատրաստակամությունը և համատեղելիությունը, նպաստել Սևծովյան տարածաշրջանի կայուն և անվտանգ միջավայրի պահպանմանը»,- հայտարարել էին Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ զորավարժություններն այս տարի ավելի լայնամասշտաբ կլինեն, ավելացվել է գերմանական զրահատեխնիկայի և ամերիկյան ավիացիայի քանակը։

Դատելով Վրաստանի ՊՆ հաղորդագրությունից, հայկական կողմը մասնակցության նախնական համաձայնություն է տվել, սակայն նախկինում ևս եղել են դրվագներ, երբ Հայաստանը նախապես տվել է համաձայնություն, սակայն վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Այս անգամ ևս չի բացառվում, որ հայկական կողմը չմասնակցի ՆԱՏՕ-ի վրացական զորավարժություններին՝ հաշվի առնելով Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սրությունը, հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների, ՀԱՊԿ անդամակցության պարագայում ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցության հարցի զգայունությունը և Ռուսաստանի հնարավոր արձագանքի հեռանկարը:

Չնայած ռուսական պաշտոնական արձագանքի բացակայությանը, 168.am-ի և մի շարք այլ ԶԼՄ-ների հետ զրույցում որոշ ռուս վերլուծաբաններ արդեն ակնարկել են, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Կրեմլի կողմից կդիտարկվի «դավաճանություն» կամ «հակառուսական արարք»:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, պատասխանելով հարցերին, թե որն է Հայաստանի արտաքին քաղաքականության նման խնդիրների դեպքում լավագույն լուծումը, ինչպես կարող է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների պարագայում Հայաստանը խորացնել իր համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ, ասաց, որ հարցը պետք է դիտարկել շատ ավելի լայն կոնտեքստում, քան պարզապես առաջիկա զորավարժություններին մասնակցությունն է:

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի ուղղությամբ ցանկացած որոշում կայացնելիս Հայաստանը պետք է առաջնորդվի իր արտաքին քաղաքական հիմնախնդիրներով:

«Հայաստանն ունի չլուծվալ Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի հակառակորդի դերում Ադրբեջանն է, որն իր ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի միջոցով ակտիվորեն ներդնում է ՆԱՏՕ-ի փորձը, չափանիշերը, և այլն, և այլն, մասնակցում է նաև զորավարժությունների: Հայ-թուրքական հարաբերությունների մյուս կողմում էլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանում ռուսական ռազմական բազաներ կան, որոնք վերահսկում են ՆԱՏՕ-ի տեղաշարժն այս տարածաշրջանում:

Բայց ՀԱՊԿ-ը կայացած ռազմական կառույց չէ, այստեղ որոշիչ ձայնը Ռուսաստանինն է, որոշիչը Ռուսաստանի ռազմական ներուժն է, փորձը, և այլն: Հաշվի առնելով այն փաստը, թե ինչպիսի հարևաններ ունի Հայաստանը, նպատակահարմար կլինի, որպեսզի Հայաստանը հնարավորինս մոտենա ՆԱՏՕ-ի փորձին, բարեփոխումներ իրականացնի համապատասխան ոլորտներում, մասնակցի զորավարժություններին, այս ոլորտում ակտիվորեն համագործակցի Վրաստանի հետ, մասնակցի ՆԱՏՕ-ի ծրագրային ֆինանսավորման պրոյեկտներին, և այլն:

Այս ամենն անելու համար գիտակներ են պետք, որոնք կկարողանան առանց վտանգելու Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, համապատասխան դիվանագիտական աշխատանք իրականացնելով Ռուսաստանի հետ, օգտվել ՆԱՏՕ-ից՝ ինչպես հարկն է, որը կլինի Հայաստանի խնդիրների օգտին, քանի որ հակամարտության առկայության պարագայում ուժային հավասարակշռությունը շատ կարևոր է: Ստացվում է, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Ռուսաստանից, զենքի ներդրման ժամանակ ռուս զինվորականներ են գնում Ադրբեջան, սովորեցնում կիրառել այդ զենքը:

Այսինքն` փորձի փոխանակություն ամեն դեպքում տեղի է ունենում, Իսրայելից է զենք ձեռք բերում, նույնը` այս դեպքում, փորձի փոխանակություն է իրականացնում Թուրքիայի հետ, ՆԱՏՕ-ի զորավարժությունների է մասնակցում, իսկ Հայաստանը բավարարվում է ՀԱՊԿ-ով և այն ռեսուրսով, որը ստանում է Ռուսաստանից, այնինչ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները ՆԱՏՕ-ի ուղղությամբ ավելի մեծ ճկունություն ու դինամիկություն են պահանջում՝ առաջին հերթին ուժերի հավասարակշռության պահպանման տեսանկյունից:

Ավելի պարզ արդյունքն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միայն օգուտ կտա Հայաստանին՝ հաշվի առնելով կառույցի կայացածությունը ու փորձը»,- ասաց Ցինցաձեն:

Նրա խոսքով՝ ստեղծված խնդրի հեշտ լուծումը ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելն է, այս ուղղությունը չօգտագործելն է, Ռուսաստանին «չնյարդայնացնելն» է:

«Սակայն քաղաքականությունը, դիվանագիտությունը հենց նման իրավիճակների շտկման ու լուծումներ գտնելու համար են: Այդ ճկունությունն առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին, և ոչ թե՝ ՆԱՏՕ-ին, քանի որ անդամակցության հավակնորդ երկրները, նրանց պահանջներն էլ ավելի ինտեգրվելու կառույցին՝ մեծ են, ՆԱՏՕ-ն նույնիսկ դա չի կարողանում ապահովել, վստահաբար չի սպասում Հայաստանի կողմից հավելյալ հավակնությունների, սակայն հավելյալ ակտիվությունը Հայաստանի կողմից կլիներ միայն ի օոգւտ Հայաստանի և տարածաշրջանի կայունության: Ուստի զորավարժությանը կարելի է մասնակցել կամ ոչ, խնդիրը շատ ավելի խորն է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս