
Նիկոլ Փաշինյանը խոսել է Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպելու պատրաստակամության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Անգլալեզու հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 28-ին:
Փաշինյանը Al-Jazeera-ին ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտնել է նաև, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:
Նա պատմել է Al-Jazeera-ի լրագրող Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերին, որ երկրում իշխանափոխությունից հետո հավասար մրցակցային դաշտ է ստեղծվել բիզնեսի համար: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բիզնես իրականացնել Հայաստանի հետ կամ Հայաստանում, վարչապետը ուղերձ է հղել՝ իր կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրումի անվտանգությունը:
Շաբաթը մեկ հեռարձակվող «Talk to Al Jazeera» հաղորդումը հյուրընկալում է համաշխարհային առաջնորդների ու ազդեցիկ անձանց: