
Արծվիկ Մինասյանը ՎԶԵԲ-Հայաստան համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել բանկի պատվիրակության հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգման տնօրեն Ֆրենսիս Մալիժի, ավագ տնտեսագետ Սերգեյ Գուրիևի, Կովկասի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի, ՎԶԵԲ-Հայաստան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման առանցքում ՎԶԵԲ-ի գործունեությանը և համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերն են եղել։
Նախարարը նշել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության կարևորությունը, պաշտոնյաների խնդրանքով ներկայացրել տնտեսության զարգացման միտումներն ու բարեփոխումների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է եղել բարենպաստ ներդրումային դաշտի և գործարար միջավայրի ձևավորման խնդիրներին։ Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական դաշտի ձևավորման գործում ՎԶԵԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության և գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։