«Ճանապարհը փակած քաղաքացիների պահանջն օրենքի հետ կապ չունի, պահանջում են բնապահպանների հեռանալը տարածաշրջանից». մարզպետ
Իջևանի ճանապարհը հուլիսի 24-ի երեկոյան փակած քաղաքացիները երեք ժամ տևած բանակցություններից հետո վերջապես այն բացել են և որոշել, որ իրենց բողոքի ակցիան շարունակելու են արդեն այսօր Դիլիջան քաղաքում՝ տեղում հսկողություն իրականացնող «Բնապահպանի տան» դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում միջադեպի վերաբերյալ մանրամասներ հայտնեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:
Օրեր առաջ կոնֆլիկտ է սկիզբ առել «Դիլիջան» ազգային պարկում կամավոր հիմունքներով գործող «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության անդամների և Հաղարծին համայնքի բնակիչների միջև: Վահե Ղալումյանի խոսքով՝ ճանապարհը փակած քաղաքացիներին այնքան էլ դուր չի գալիս բնապահպանների պահվածը, այդ իսկ պատճառով էլ՝ պահանջում են, որ նրանք լքեն այդ տարածքը: Բնապահպաններն այստեղ հսկողություն են իրականացնում անտառային վայրերի նկատմամբ, որտեղ տարիներ շարունակ մեծ քանակությամբ ծառեր են հատվել:
«Ճանապարհը փակած քաղաքացիների պահանջն օրենքի հետ կապ չունի, պահանջում են բնապահպանների հեռանալը տարածաշրջանից: Ինչպես գիտեք, բնապահպանական խումբ է գործում «Դիլիջան» ազգային պարկում կամավոր սկզբունքով: Անձնական կոնֆլիկտ են ունեցել, բնապահպանների պահվածքի հետ կապված դժգոհություններ ունեն քաղաքացիները»,-նշեց մարզպետը:
Նրա խոսքով՝ ինքը երեկ ամբողջ օրը բանակցությունների մեջ է եղել սկզբում բնապահպանների, հետո արդեն՝ Հաղարծին համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, մի քանի բնակիչների հետ, ինչից հետո եռակողմ հանդիպում են ունեցել և ժամանակավոր լուծում գտել:
«Պայմանավորվել ենք, որ բնապահպանների խումբը կոնկրետ գյուղի, բնակավայրի տարածք չի մտնում, դրոններով գյուղի տեսանկարահանում չի իրականացնում: Գյուղացիներն էլ խոստացան, որ որոշակի ժամանակ անտառը չեն հատելու, բնապահպաններն էլ իրենց ուսումնասիրությունը կիրականցնեն՝ առանց բնակիչների հետ շփվելու, նրանց պահանջ ներկայացնելու»,- նշեց Վահե Ղալումյանը՝ հավելելով, որ լարվածությունը թուլանալուց հետո պիտի հասկանային հետագա անելիքները: Սակայն, այս համաձայնությունը երկար չի տևել, և ժամեր հետո տեղի բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը:
Ինչն է խնդիրը. «Դիլիջան» ազգային պարկում ծառահատումների դեմն առնելու նպատակով այստեղ են հաստատվել մի խումբ բնապահպաններ, ովքեր ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում պարկի տարածքում՝ օգտագործելով լեռնային մոտոցիկլետներ, դրոններ, առցանց հեռարձակմամբ տեսախցիկներ:
Նրանք նաև պիլոտային ծրագրով ստանձնել են անտառապահի պարտականություններն ու խոստանում են դառնալ ծառահատումներ իրականացնողների «մղձավանջը»:
Ընթացիկ տարվա մայիսի 10-ին կազմակերպությունն ահազանգեց ազգային պարկում հարյուրավոր ծառերի հատման մասին, որի առնչությամբ Դատախազությունում քրեական գործ հարուցվեց:
Անդրադառնալով ծառահատումների թեմային՝ մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ տարիներ շարունակ այս հարցը բարձիթողի վիճակում է եղել, ներկայում այն օրինական դաշտ բերելը, խստացումները դժգոհությունների առիթ են դարձել տեղի բնակչության համար, ովքեր ծառահատումներով սոցիալական խնդիր են լուծել: «Նրանք երկար տարիներ իրենց սոցիալական խնդիրները լուծել են այդպիսով, հիմա այդ ամենը չենք փորձում հանդուրժել, որովհետև ծայրահեղ ծանր վիճակ է ստեղծվել, ծառահատումների ծավալը մեծ մասշտաբների է հասնում»,-ասաց մարզպետը։
Նա վստահեցրեց, որ պետության ուշադրության առանցքում է հարցը, որպեսզի այդ տարածաշրջանի բնակչության համար աշխատատեղեր ստեղծվեն։
Վերոնշյալ կոնֆլիկտի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանությունը՝ համաձայն որի՝ հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև:
Նույն օրվա երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հաղարծնի բնակչուհի, 88-ամյա Ռոզա Թ.-ն, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու նկատել է հավաքված երիտասարդների ու հարցրել է, թե ինչու են հավաքվել: Երիտասարդները պատասխանել են, թե պայքարում են ապօրինի ծառահատումների դեմ:
Ըստ Ռոզա Թ.-ի` ինքը առաջարկել է հեռանալ իրենց թաղամասից, ինչից հետո երիտասարդներից մեկը անսպասելի հրել է նրան, ինչի հետեւանքով կինը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ տարբեր տեսակի եւ աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Դիլիջանի բնակիչ՝ 27-ամյա Հայկ Խ.-ն, Գյումրու բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մ.-ն, Երեւանի բնակիչ՝ 17-ամյա Գագիկ Ջ.-ն եւ Դիլիջանի բնակիչ՝ 15-ամյա Արծիվ Կ.-ն: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ իրենք «Բնապահպանի տուն» ՀԿ անդամներ են եւ վնասվածքները ստացել են ժամը 17.30-19.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում տեղի ունեցած վերոհիշյալ ծեծկռտուքի երկու դեպքերի ժամանակ:
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքի ժամանակ երիտասարդներին մարմնական վնասվածքները պատճառել են Ռոզա Թ.-ի որդին ու թոռները: Ոստիկանների հետագա գործողություններով Ռոբերտ, Գեւորգ, Շահեն, Նվեր Մ.-երը հայտնաբերվել, բերվել են ոստիկանության բաժին ու տվել համապատասխան բացատրություններ: Միջադեպի վերաբերյալ բացատրություններ են վերցվել նաեւ գյուղի տասնյակից ավելի բնակիչներից: