
Սոցիալական բնակարաններ՝ տնակներում բնակվող միայնակ գյումրեցիների համար

Գյումրու քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում շարունակվում է սոցիալական բնակարանների կառուցման աշխատանքները: Նախատեսված է երկրորդ փուլում 12 բնակարան հանձնել շահագործման:
Ըստ ծրագրի՝ սոցիալական բնակարանները կառուցվում են ոչ հիմնովին, այլ որպես քաղաքում առկա կիսակառույց բնակելիների շարունակություն՝ միաժամանակ լուծելով երկու կարևոր խնդիր՝ կիսակառույցների և անօթևանության:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, ի տարբերություն ծրագրի առաջին փուլի, որը նախատեսում էր միայն 1 և 3-սենյականոց բնակարաններ, ներկա ծրագրով կլինեն նաև 2-սենյականոց բնակարաններ: Դա արվել է՝ հաշվի առնելով պահանջարկը: Ինչպես առաջին ծրագրով, այս ծրագրով ևս համայնքի ներդրում կա:
Շինարարությունն իրականացվում է հատուկ մեթոդներով՝ ձայնա և ջերմամեկուսացման նպատակով: Ինչպես ծրագրի առաջին փուլում, այս անգամ ևս որպես շահառու կճանաչվեն հիմնականում տնակներում բնակվող միայնակ ծերերը: Շինարարությունը նախատեսված է ավարտել դեկտեմբերին:
Ծրագրի առաջին փուլով 2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան:
Արմենուհի Մխոյան