«Կարծեք թե ցանկանում են նախադեպ ստեղծել, որ, եթե գործող իշխանությունները երեք կամ չորս շրջան զիջեն, ապա դա նախորդների նկատմամբ առավելություն է». Գառնիկ Իսագուլյան

168.am-ի զրուցակիցն է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։

Պարոն Իսագուլյան, կներկայացնե՞ք՝ ի՞նչ իրավիճակ է այժմ տիրում արցախաադրբեջանական սահմանագծում։

– Արցախ-Ադրբեջան շփման սահմանագծում իրավիճակը, ըստ էության, տարբեր պարբերականությամբ կրկնվում է, այն է՝ որոշակի օրերին կրակոցների ինտենսիվությունը մեծանում է, որին սովորաբար հաջորդում են ավելի հանդարտ իրավիճակներ: Բոլոր պարագաներում չպետք է մոռանալ, որ գործ ունենք անկանխատեսելի հակառակորդի հետ, ուստի պարտավոր ենք մեր զգոնությամբ ու պատրաստականությամբ պարտադրել, որ Ադրբեջանը երբեք չգնա արկածախնդրության:

ՆԱՏՕի բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Հռչակագրի 67-րդ կետում նշված է. «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերներին արտաքին ու անվտանգային քաղաքականությունում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում՝ զերծ արտաքին ճնշումներից ու հարկադրանքից: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում, ինչպես նաև՝ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ Խարտիայի և Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական լինել և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»։ Որքանո՞վ են հռչակագրում տեղ գտած այս ձևակերպումները բխում հայկական կողմի շահերից։

– Իհարկե, որևէ խնդիր չկա, և մեր դիվանագիտությունը բոլոր ուղղություններով պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի որևէ փաստաթղթում՝ միջազգային թե տարածաշրջանային, կամ նույնիսկ առանձին վերցրած որևէ պետության կողմից ընդունվող փաստաթղթերում, եթե խոսք կա Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կամ ընդհանրապես հայության վերաբերյալ, տեղ չգտնեն բացասական ձևակերպումներ: Սա՝ առաջին հերթին: Բայց նաև որևէ ձևակերպում, բացասական, անկողմնակալ կամ դրական, չպետք է խանդավառություն, անտարբերություն կամ էլ հիասթափություն առաջացնի Հայաստանում, Արցախում կամ որևէ հայի մոտ: Քանզի պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթ կազմողներն ու ընդունողները, առաջին հերթին, առաջնորդվում են իրենց շահերով, և նոր միայն՝ հաշվի են առնում մեր շահերը, ընդ որում, այն տեսանկյունից, թե կա՞ արդյոք շահերի ընդհանրություն կամ թե հակադրություն: Սա՝ երկրորդ: Եվ երրորդ:

Մեզ համար անչափ կարևոր է, որ մենք ինքներս՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և համայն հայությունը, գիտակցենք մեր ընդհանրական շահերն ու այս տեսանկյունից հանդես գանք բոլոր ատյաններում՝ անկախ նրանց կողմից մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Պետք է հասկանալ, որ միայն մեր համատեղ աշխատանքի ու միակամության արդյունքում է, որ մենք կարող ենք արձանագրել հաջողություններ, և այդ պարագայում է, որ մեզ ավելի քիչ կհետաքրքրի, թե որտեղ և ինչ փաստաթղթում մեզ հետ կապված ինչ ձևակերպում կա:

Ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության աշխատանքն այս երկու ամիսների ընթացքում, հատկապես արտաքին ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում։

– Հուսով եմ՝ քաջատեղյակ եք իմ սկզբունքներին. որևէ կառավարության գործունեությանն առաջին 100 օրերին չանդրադառնալ, եթե ճակատագրական սխալ չի արվում: Այնպես որ, դեռևս ժամանակ ունենք:

Հասարակության շրջանում և քաղաքական շրջանակներում դժգոհություններ են հնչում նոր կառավարության որոշ կադրերից։ Ինչպե՞ս եք դուք գնահատում։

– Ըստ էության, սա նախորդ հարցի կրկնությունն է՝ այլ ձևակերպմամբ, ուստի իմ պատասխանը նույնն է. 100 օրը դեռ չի լրացել:

Մամուլում տեսակետներ են հնչում, որ Սերժ Սարգսյանի կառավարությունն ու բանագնացները համաձայնություն էին տվել Արցախյան խնդրի լուծման՝ հինգ, հետո՝ պլյուս երկու, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հումանիտար ծրագրեր տարբերակին, և, որ այժմ Սերժ Սարգսյանի այդ պայմանավորվածությունները դրված են Նիկոլ Փաշինյանի կառավարության սեղանին։

– Իմպերատիվ պատասխանում եմ, որ որևէ մեկի սեղանին որևէ նման փաստաթուղթ դրված չի եղել, և որևէ մեկը երբեք չի պատրաստվել նման փաստաթղթի տակ ստորագրել: Այլ հարց է, որ քննարկումների ժամանակ առաջարկվել են խնդրի լուծման տարբեր մոտեցումներ, և հիմա ինչ-որ բան վերագրելով նախորդ իշխանություններին, այն է՝ Սերժ Սարգսյանին, թե իբր Սերժ Սարգսյանի կառավարությունն ու բանագնացները համաձայնություն էին տվել Արցախյան խնդրի լուծման՝ հինգ, հետո՝ պլյուս երկու, ադրբեջանցի փախստականների վերադարձ, հումանիտար ծրագրեր տարբերակին, և, որ այժմ Սերժ Սարգսյանի այդ պայմանավորվածությունները դրված են Նիկոլ Փաշինյանի կառավարության սեղանին, կարծեք թե, այս ձևակերպմամբ ցանկանում են նախադեպ ստեղծել, որ, եթե գործող իշխանությունները երեք կամ չորս շրջան զիջեն, ապա դա նախորդների նկատմամբ առավելություն է, և ուրեմն դա կարելի է կյանքի կոչել: Սա անչափ վտանգավոր մոտեցում է: Ուստի ևս մեկ անգամ իմպերատիվ կրկնում եմ. որևէ մեկը որևէ բան վերադարձնելու պայմանավորվածություն ձեռք չի բերել, և ուրեմն, այժմ էլ որևէ մեկը նման բան անելու իրավունք չունի: Արցախի հարցը բացառապես Արցախի ժողովրդի լուծելիք խնդիրն է, իսկ Հայաստանն ու համայն հայությունը զորավիգ են Արցախի անվտանգության ու նրա պաշտպանության խնդիրներին:

Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները՝ առանց զգուշացման, Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժանք էին իրականացրել: Հնչած պայթյուններն ու կրակոցները բնակիչների մոտ վախ են առաջացրել, քանի որ այդ զորավարժանքի մասին մարդիկ ոչինչ չեն իմացել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Փանիկ գյուղի այդ միջադեպին՝ հայտարարել էր. «Ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա ես համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության»։ Վարչապետը նաև հայտարարել էր, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատժվեն, և խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգերով պետք է քննվի այս միջադեպը: Ն. Փաշինյանի այս հայտարարությանը, զարմանալիորեն, չափազանց կոշտ արձագանքեցին ռուս քաղաքական գործիչները, վերլուծաբանները։ Այն դեպքում, երբ Փաշինյանը հստակ ասել էր, որ կատարվածը համարում է սադրանք՝ ընդդեմ հայռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության։ Ինչո՞ւ ռուսական կողմն այդքան կոշտ և դյուրագրգիռ կերպով արձագանքեց։ Մասնավորապես, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեր կայքին տված հարցազրույցում ասել էր. «Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, և թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները և իր արևմտյան գործընկերները»։ Նրա խոսքից ակնհայտ էր, որ մեծ դժգոհություն կա Վրաստանում կայանալիք ՆԱՏՕի Noble Partner 2018 զորավարժությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Հայ հասարակության մի հսկա հատված, բնականաբար, կոշտ արձագանքեց Տարասովի այդ կտրուկ հայտարարությանը։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ մարտահրավերների առջև կարող ենք կանգնել։

– Արտաքին հարաբերության խնդիրները՝ անկախ՝ թե որ հարցին են վերաբերում, պետք է բխեն միմիայն հայկական կողմի շահերից: Իհարկե, եթե դրանք առնչվում են նաև այլ պետությունների շահերին, պետք է ամեն ինչ անել, որ դրանք լինեն համահունչ և փոխշահավետ: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում դա միաժամանակ պետք է չհակասի նաև աշխարհաքաղաքական գործընթացների համընդհանուր ուղղվածությանն ու տրամաբանությանը: Ես հասկանում եմ, որ ձևակերպումը շատ բարդ է, և գուցե ինչ-որ տեղ՝ անհասկանալի, բայց ավելի պարզ լեզվով ասելու դեպքում կստացվի շատ երկար և գուցե թե ճիշտ չընկալվի: Այժմ շատ կարևոր է, որ և՛ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, և՛ դրան հաջորդած պրն Փաշինյանի արձագանքը, տարբեր վերլուծաբանների կարծիքը ու, ինչո՞ւ ոչ, յուրաքանչյուրի ընկալումը տեղավորվեն վերոշարադրյալ տրամաբանության մեջ: Իսկ այն, ինչ ասել է Տարասովը, էմոցիոնալ է և համահունչ չէ ռուսական շահերի տեսանկյունին, իսկ պրն Փաշինյանի ասածին համարժեք կլինի միայն Ռուսաստանի Նախագահի խոսքը:

Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում. «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Ես դրան չեմ կարող հավատալ: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ և չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի այս հայտարարությունը:

– Ամենևին չեմ կասկածում պրն Փաշինյանի անկեղծությանը, բայց միաժամանակ վտանգավոր եմ համարում նման ձևակերպումն առաջին դեմքի կողմից: Ընդ որում, նույն ասուլիսում, որտեղ հնչել էին այլ կարգի հարցեր, ըստ էության, նույն հարաբերությունների վերաբերյալ, բայց այլ համատեքստում:

Եթե որևէ հարցում կարող է լինել սադրանք, ընդ որում, հայ-ռուսական հարաբերությունները խաթարող, որի մասին խոսում է հենց ինքը՝ պրն Փաշինյանը, ապա ինչո՞ւ չի կարող մեկ այլ հարցում ևս սադրանք լինել: Ինձ կարող են մեղադրել, թե ես համեմատում եմ անհամեմատելի երևույթները, բայց կա հայկական հրաշալի ասացվածք. «Ձու գողացողը ձի էլ կգողանա»: Այնպես որ, աշխարհաքաղաքական գործընթացներում և հարաբերություններում անկեղծությունը ու ազնվությունը միշտ չէ, և նույնիսկ կարելի է ասել՝ երբևէ, դրական ոչինչ չեն տալիս: Բայց կարծում եմ՝ ժամանակը գոնե այս խնդիրներում իր խոսքը կասի, և մենք հանդես կգանք այլ մոտեցումներով: Քանզի սադրանքը կարող է լինել մեր տարածաշրջանում շահեր հետապնդող այլ գերտերությունների կողմից, բայց կստացվի, որ մենք կանխավ մատնանշել ենք մեղավորին: Իսկ եթե խոսք է գնում այն մասին, որ նույնիսկ այդ պարագայում Ռուսաստանը կարող է թույլ չտալ, ապա… սպասենք, մինչև 100 օրը լրանա:

Սրանով արդյո՞ք չի նսեմացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս պետությունների դերն այս հարցում:

– Երբ ասում եմ՝ սպասենք, մինչև 100 օրը լրանա,  նկատի ունեմ, որ այս հարցերին մենք դեռ կանդրադառնանք: Հիմա ավելի չթեժացնենք այն, ինչի վերաբերյալ խորհելու անհրաժեշտություն կա:

Տեսանյութեր

Լրահոս