Կիսո՞ւմ է Արցախը Նիկոլ Փաշինյանի կարծիքը՝ հնարավոր պատերազմի դեպքում ՌԴ գործոնի վերաբերյալ. պարզաբանում է Դավիթ Բաբայանը

«Շատ կարևոր է, որ մենք պահպանենք աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասին։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ն. Փաշինյանն ասել է, որ բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալ պատերազմի վերսկսում մեր տարածաշրջանում. «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Ես դրան չեմ կարող հավատալ: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ և չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:

Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Արցախի Հանրապետությունը կիսո՞ւմ է ՀՀ վարչապետի այս կարծիքը։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Մենք բազմիցս նշել ենք, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար անհրաժեշտ է երկու կարևորագույն հիմք. առաջինը մեր Զինված ուժերի մարտունակությունն է, մեր եռամիասնությունն է, մեր միասնականությունն է, ու երկրորդ կարևոր բաղադրամասը միջազգային հանրության, տվյալ դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը, և նրանց կարծիքը, որ Արցախյան հակամարտությունը չունի ռազմական լուծում»։

Դ. Բաբայանը գտնում է՝ ՌԴ-ի դերակատարությունը շատ շոշափելի է տարածաշրջանում։ Նա նկատեց, որ ՀՀ-ում կա ռուսական բազա, որը զսպիչ գործոն է հանդիսանում. «Որովհետև Թուրքիան՝ լինելով ագրեսիվ երկիր, տեսեք՝ ինչեր է անում Մերձավոր Արևելքում, Սիրիայում քաղաքներ է գրավում, բացեիբաց սատարում է  ահաբեկիչներին, Ադրբեջանին, շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը։ ՌԴ-ի դերակատարությունն այստեղ թույլ չի տալիս, որ լինի ավելի վատ իրավիճակ՝ քան կարող էր լինել։ Մենք պետք է հաշվի առնենք այս ամենը, շատ կարևոր է, որ մենք պահպանենք աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը, ու մենք այս բոլոր տարիների ընթացքում հավասարակշիռ քաղաքականություն ենք վարել»։

Հարցին՝ վարչապետի այս հայտարարությունը հնարավոր պատերազմի պատասխանատվությունն ինչ-որ առումով ՌԴ-ի վրա գցել չէ՞, Դ. Բաբայանը չհամաձայնեց. «Պատասխանատվության խնդիր չէ։ Կրկնում եմ՝ պատերազմի հնարավորությունը կախված է մեր բանակի մարտունակությունից, միջազգային հանրությունից և մեր արտաքին քաղաքականության վարումից։ Եթե այսպես անենք, ամեն ինչ լավ կլինի»։

Մեր ճշտող հարցին՝ այս հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս պետությունների դերն այս հարցում չի՞ նսեմացվում, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Չէ։ Դրանով չի կարող նսեմացվել, դրա հետ մեկտեղ՝ նույն ԱՄՆ-ը ունի իր դերակատարությունը, մի մոռացեք, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակից երկիրն է։ Մենք պարտավոր ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով ու դա չենք անում մյուսների հաշվին»։

Տեսանյութեր

Լրահոս